211652_close_icon
views-count8198 դիտում article-date 23:02 11-10-2014

Մենք ունենք հավաքական, որով պետք է հպարտանանք

2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը իր առաջին միավորը վաստակեց կամ, միգուցե, երկու միավոր կորցրեց: Երկրորդ տուրում մեր ընտրանին հյուրընկալեց Սերբիայի ընտրանուն: Խաղից առաջ մի շարք օբյեկտիվ պատճառներով Հայաստանի հավաքականից սպասումները մեծ չէին: Եվ իսկապես, դժվար էր պատկերացնել, որ կադրային լուրջ խնդիրներով հանդերձ Շալանդի թիմը կարող էր հավակնել դրական արդյունքի: Չէ՞ որ մեր ընտրանու կազմում վնասվածքների պատճառներով բացակայում էին հարձակման գծի միանգամից չորս խաղացողներ՝ Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանը, Արազ Օզբիլիսը և Գևորգ Ղազարյանը: Սակայն առանց վերոնշյալ խաղացողների, հավաքականի մյուս տղաներն ապացուցեցին, որ ունակ են մարտական բարձր ոգու, նվիրվածության և մեծ ցանկության շնորհիվ չեզոքացնել կադրային կորուստները: Հավաքականի մյուս տղաները ապացուցեցին, որ մեր հավաքականը կախված չէ մեկ կամ մի քանի խաղացողից: Այսօրվա խաղում հավաքականը գործեց ինչպես մեկ մարմին: Իհարկե, դրանում նաև իր մեծ ներդրումն ունի թիմի գլխավոր մարզիչը, ով վերջին շրջանում տարբեր ֆուտբոլային և ոչ ֆուտբոլային անձանց կողմից խիստ քննադատության է ենթարկվում: Այս խաղում ապացուցելու շատ բան ունեցան ոչ միայն հավաքականի տղաները, այլև հենց մարզիչը՝ Բերնար Շալանդը: Առաջին խաղակեսի սկզբնամասում առավելությունը հյուրերի կողմն էր, սակայն գործը գոլային պահերի չէր հասնում: Հայաստանի հավաքականը իր հերթին գրագետ պաշտպանվում էր և հարկ եղած ժամանակ դիմում էր հակագրոհների: Առաջին խաղակեսի վերջնամասում մեր տղաներին հաջողվեց աստիճանաբար հավասարեցնել խաղը, իսկ երկրորդ խաղակեսում գերազանցել մրցակցին: Մեր ֆուտբոլիստները հիանալի պրեսինգ էին կիրառում, գործում էին հավաքված և սեփական կիսադաշտում ձգտում էին ազատ տարածություններ չտալ մրցակցին: Մեր դարպասի մոտ հիմնական վտանգավոր պահերը ստեղծվում էին ստանդարտ դիրքերի խաղարկումներից և դեպի տուգանային հրապարակ կատարած օդային փոխանցումներից հետո: Հայաստանի հավաքականը կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել անկյունայինի խաղարկումից հետո ստեղծված իրավիճակում, երբ Տարոն Ոսկանյանի փոխանցումից հետո մրցակցի տուգանային հրապարակում հայտնված Ռոբերտ Արզումանյանը գլխի հարվածով գրավեց դարպասը: Խփած գոլից հետո մեր տղաները ոգևորության ալիքի տակ կարող էին և պարտավոր էին զարգացնել իրենց հաջողությունը: Սերբիայի հավաքականը բաց թողած գոլից հետո առաջ նետվեց փրկելու իրավիճակը, սակայն փոխարեն բաց թողեց մի քանի սուր հակագրոհ: Դրանցից մեկում Արթուր Սարկիսովը ներխուժեց տուգանային հրապարակ, սակայն Կոլարովը հայ հարձակվողին կարողացավ կանգնեցնել կանոնների խախտման գնով: Այդ պահին թվաց, թե Հայաստանի հավաքականի հաղթանակը անխուսափելի է, սակայն վճռորոշ պահին նյադրերը տեղի տվեցին: Մարկոս Պիզելին համարձակվեց վրիպել 11 մետրանոց նշակետից: Բրազիլացու առաջին հարվածից հետո դարպասապահը գնդակը հետ մղեց, իսկ Պիզելիի կրկնահարվածից հետո Վլադմիր Ստոյկովիչը ևս մեկ սխրանք գործեց՝ դարպասային գծի վրայից գնդակը շեղեց անկյունային: Րոպեները ընթանում էին, իսկ լարվածությունը, բնականաբար, մեծանում էր: Ցավոք սրտի, Հայաստանի հավաքականին մի փոքր չբավականացրեց սխրանք գործելու համար: Իսկ, ինչպես գիտենք, պրոֆեսիոնալ ֆուտբոլում և, առհասարակ, սպորտում մանրուքներ չեն լինում: 90-րդ րոպեին հայերի բարձր տրամադրությունը փչացրեց Զորան Տոշիչը, ով տուգանայինի մատույցների մոտից կատարած հարվածով ոչ մի շանս չտվեց փորձառու Բերեզովսկուն: Այո, մեր հավաքականը այսօր չհաղթեց, սակայն ապացուցեց, որ ունակ է լուծել իր առջև դրված խնդիրը: Մեր հավաքականը իր խաղով փոխհատուցեց երկրպագուների վստահությունը և հույս պարգևեց: Եվ, վերջապես, մեր հավաքականի գլխավոր մարզիչ Բերնար Շալանդն ապացուցեց, որ կարող է իր ձեռքի տակ ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2014/10/10/30240/]«բանջարեղենով» համեղ «ապուր» պատրաստել[/url]: Մենք ունենք հավաքական, որով պետք է հպարտանանք: [b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր