Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը հանձնել են գերճշգրիտ մանրադիտակների համար
2014 թվականին քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը գերֆլոուրեսցենտային միկրոսկոպիայի մշակման համար հանձնվել է գիտնականներ Էրիկ Բետցիգին, Ստեֆան Հելլին ու Ուիլյամ Մոռներին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիային, ով պատասխանատու է մրցանակների հանձնման համար:
Գերֆլոուրեսցենտային միկրոսկոպիան հնարավորություն է տալիս շատ փոքր մասշտաբով, ռեկորդային բարձր կետայնությամբ ուսումնասիրել տարբեր օբյեկտների կառուցվածքը: Մասնավորապես, այդ մեթոդիկայի օգնությամբ կարելի է ուսումնասիրել կենսաբանական մոլեկուլների կառուցվածքը, ինչը կարևոր է նոր դեղորայք ստեղծելու տեսանկյունից:
Դափնեկիրների պարգևատրման արարողությունը Ստոկհոլմում կանցկացվի դեկտեմբերի 10-ին՝ շվեդ ձեռնարկատեր ու գյուտարար, Նոբելյան մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի (1833-1896) մահվան օրը: