Գերմանիան դիտարկում է Էրբիլում քրդերի համար մարտական պատրաստության կենտրոն հիմնելու հարցը
Գերմանիայի կառավարությունը մտադիր է Իրաքին ռազմական աջակցություն ցուցաբերելու շրջանակներում զգալիորեն ընդլայնել բունդեսվերի լիազորությունները: Տարբերակներից մեկը մարտական նախապատրաստական կենտրոնի ստեղծմամբ քրդական զորամիավորումներին օգնելն է:
Այս մասին հայտնում է Newsru.com-ը` վկայակոչելով Գերմանիայի ՊՆ-ը: Գերմանիան դիտարկում է մարտական պատրաստության այդ կենտրոնն Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում ստեղծելու հնարավորությունը: Քրդական ջոկատները (փեշմերգա) առավել ակտիվ դիմադրություն են ցուցաբերում «Իսլամական պետություն» խմբավորմանը:
Գերմանիան կարող է նաև մասնակցել մերձավորարևելյան երկրի տարածքում իրաքցի զինծառայողների ուսուցման ծրագրին: Ներկայումս Իրաքում գտնվում գերմանացի 13 զինծառայող, որոնք իրաքյան բանակին սովորեցնում են զենքի հետ վարվելու ձևերը: