«Իսլամական պետությունը» հրապարակել է գերեվարած բրիտանացի լրագրողի նոր տեսաուղերձը. տեսանյութ
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը տարածել է գերեվարած օտարազգիների մասնակցությամբ հերթական տեսաուղերձը: Այս անգամ դրանում պատկերված է առևանգված բրիտանացի լրագրող Ջոն Քենթլին, որին զինյալները Սիրիայում գերեվարել էին 2012 թվականին: Այս մասին հայտնում է Newsru.com-ը:
Տեսանյութում The Sunday Times, The Sun և The Sunday Telegraph թերթերի նախկին ռազմական լուսանկարիչ ու թղթակիցը քննադատում է Իրաքի հակամարտության կարգավոման վերաբերյալ Արևմուտքի գործողությունները: Քենթլին նշում է, որ դժբախտաբար Բարաք Օբաման ընտրել է հակամարտության կարգավորման առավել կանխատեսելի ուղին.
«Ավիահարվածները չեն օգնի Արևմուտքի երկրներին՝ գրավելու ու պահելու համար իրենց անհրաժեշտ շրջաններն ու օբյեկտները: Դրա համար անհրաժեշտ են ուսուցված ու կարգապահ զորքեր, սակայն այդպիսին չեն ո՛չ իրաքյան բանակը, ո՛չ էլ սիրիացի ապստամբները»: Լրագրողը նաև կոչ է արել ամբողջովին դադարեցնել «Իսլամական պետության» դեմ պայքարը: Իսլամականները մեկ շաբաթ առաջ նույնպես հրապարակել էին Քենթլիի մասնակցությամբ տեսանյութ: