211652_close_icon
views-count2071 դիտում article-date 23:11 29-09-2014

Ծաղկաձորում մեկնարկում է «Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնը

ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո, ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ ս. թ. հոկտեմբերի 1-5-ը Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը կանցկացվի «Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնը: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին: «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը հիմնադրվել է 2004 թվականին, իսկ 2007 թվականից այն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի նպատակն է օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին՝ գտնելու իրենց տեղը և դեմքը ժամանակակից կինոարվեստում, ինչպես նաև նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը: Իր գործունեության ընթացքում «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը ձեռք է բերել լայն ճանաչում ու հեղինակություն: Կինոփառատոնի մրցութային ծրագրերին մշտապես մասնակցում են երիտասարդ կինեմատոգրաֆիստներ տարբեր երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Լիտվայից, Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից և այլն: «Ես եմ» 8-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնին ներկայացված 118 ֆիլմերից ընտրվել և մրցութային ծրագրերում կցուցադրվեն շուրջ 60 ֆիլմ: Փառատոնային ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը: Կինոդիտումների մուտքն ազատ է: Կինոփառատոնի շրջանակներում հնարավորություն կընձեռվի երիտասարդ կինոգործիչներին մասնակցելու ժամանակակից կինոարտադրության թեմայով քննարկումների: «Ես Եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնն անցկացվում է «Գլխավոր մրցանակ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Լավագույն ուսանողական ֆիլմ» անվանակարգերում, որոնց արժանացած մասնակիցը կամ ստեղծագործական խումբը կստանա համապատասխան դիպլոմ և մրցանակ: Կինոփառատոնի ժյուրին կազմված է կինոյի բնագավառի հեղինակավոր մասնագետներից՝ Սամվել Բաբասյան /օպերատոր/, Նարինե Ջրբաշյան /կինոգետ/, Ռուբեն Երզնկյան /ռեժիսոր/, Արամ Գյուրջյան /դերասան/: Ժյուրին նախագահում է ռեժիսոր Ռուբեն Քոչարը: «Ես Եմ» 8-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնի կազմակերպչական աշխատանքներին իրենց մասնակցությունն են ցուցաբերում նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները: Փառատոնի օրերին լույս կտեսնի «+Կինո» ամսագրի հատուկ համարը: «Ես Եմ» 8-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնի փակումը և մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին, Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը:

Նմանատիպ նյութեր