211652_close_icon
views-count1538 դիտում article-date 17:12 10-07-2022

Այսօր մեկնարկում է 19-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը. կարմիր գորգին իսկական աստղաբույլ է սպասվում

Այսօր մեկնարկում է 19-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը նշեց, որ վերջապես բոլոր առումներով լիարժեք և ամբողջական ծրագրով է կինոփառատոնն անցկացվում, ի տարբերության նախորդ տարիների, երբ նախ համավարակ էր, հետո՝ պատերազմ։
Այս տարի արդեն «Ոսկե ծիրանն» անցկացվում է 150-ից ավելի միջազգային հյուրերի մասնակցությամբ։

«Նկատի ունենալով հյուրերի հեղինակությունը, միջազգային կշիռը՝ կարող ենք ասել, որ երկար տարիներ, այդ թվում՝ մինչ պատերազմը, Երևանում այդքան մեծ թվով հեղինակավոր հյուրեր չեն եղել՝ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» արժանացած հյուր, պրոդյուսեր, որի մեջքի հետևում երկու «Ոսկե արմավենու» ճյուղ է, օսկարակիր կինոռեժիսոր, Լոկառնոյի, Սան Սեբաստիանի, Բեռլինի և տարբեր այլ փառատոնների մրցանակակիրներ, մոտ 9 տասնյակ ֆիլմեր աշխարհի տասնյակ երկրներից, որոնց թվում՝ մոտ 2 տասնյակ հայկական ֆիլմեր ինչպես արտամրցութային, այնպես էլ մրցութային ծրագրերում, ինչը կրկնակի ուրախալի է»,- նշեց Ավետիսյանը։  Տպավորիչ է հատուկ հյուրերի ցանկը (իսպանացի կինոռեժիսոր Ալբերտ Ֆերա, կենդանի դասական Կոստա Կավրաս)։

Բազմազան ու տպավորիչ է նաև կինոփառատոնի ծրագիրը։
«Փառատոնի հաջողության գլխավոր գրավականը լինելու են հանդիսատեսները, որոնց մենք ջերմորեն սպասում ենք, որովհետև միայն նրանք կարող են այս փառատոնը մեկ շաբաթ անց դարձնել հաջողված»,- շեշտեց Ավետիսյանը։Հավելենք, որ կինոփառատոնի բացումն ազդարարվելու է Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» լիամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ։ Կինոփառատոնի փակումը ևս հայկական ֆիլմով է լինելու՝ գրող և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն»-ով։ Այն 2020 թվականի Արցախյան պատերազմը ներկայացնում է գրող և լուսանկարիչ Լիկա Զաքարյանի օրագրի միջոցով։

Կինոփառատոնի պաշտոնական կայքէջում հրապարակվել է ֆիլմերի ցուցադրության ամբողջական ծրագիրը։ Ցուցադրությունները տեղի են ունենալու «Մոսկվա» կինոթատրոնում, Կինոյի տան դահլիճում և Հենրիկ Մալյանի անվան թատրոնում։ Նշենք, որ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում ցուցադրությունների մուտքն ազատ է։

Հիշեցնենք, որ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը, այս տարի կունենա մրցութային 3 ծրագիր, որոնց թվում՝ լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմեր։

Նմանատիպ նյութեր