211652_close_icon
views-count2727 դիտում article-date 10:40 23-09-2014

Անհասկանալի է մնում, թե ինչ ճակատագիր է սպասվում Սերոբ Տեր Պողոսյանի ահռելի ունեցվածքին. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանի Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացավ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդական, «Մեթլ Փրինս» ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը: Պարզվում է՝ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում կյանքի հետ անհամատեղելի հիվանդություն՝ քաղցկեղ ունեցող կալանավորին այնքան պահեցին, մինչև մահացավ: Իհարկե, մանկապղծության մեղադրանքով դատապարտված կալանավորին ազատ արձակելն էլ սիրուն չէր: Ի վերջո, 71-ամյա Սերոբ Տեր-Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թվականին անչափահասների նկատմամբ բռնությամբ սեռական հարաբերություններ էր հարկադրել: Եվ նրա մեղքը տեսաերիզներով ապացուցելուց հետո դատարանը մանկապիղծին դատապարտեց 15 տարի ազատազրկման: Կալանավայրում պարզվեց, որ նա քաղցկեղով հիվանդ է»,- ապա թերթը հավելում է. «Իսկ ո՞վ էր Տեր-Պողոսյանը մինչև նրա մանկապիղծ էության մասին բացահայտվելը. «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիան, որը գրանցված էր Բրիտանական Նեվիս կղզում, 2000 թ. մարտի 1-ին «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ հետ համատեղ գործունեության պայմանագիր էր կնքել, իսկ 2002-ի հոկտեմբերին` ՀՀ երկու օրենսդրական փոփոխություններից հետո Սերոբ Տեր- Պողոսյանը կարողացել էր սեփականաշնորհել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն: Այդ տարիներին Տեր-Պողոսյանը զբաղվում էր բարերարությամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանավորությամբ: Իսկ Լոռու մարզում նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանից սկսած, հերթագրվում էին, որպեսզի Տեր-Պողոսյանին իրենց ընտանիքի քավոր դարձնեն: Ինչևէ, բացի «Ախթալայի» ԼՀ կոմբինատից, Սերոբ Տեր-Պողոսյանին է պատկանում նաև Ախթալայում գտնվող Միքայել Արամյանցի տուն-թանգարանը, ինչպես նաև Նալբանդյան 7 հասցեում գրասենյակային տարածքներ: Ու երբ Պողոսյանը Հրազդան քրեակատարողական հիմնարկում իր պատիժն էր կրում, նրա սեփականությունը տնօրինում էր կինը` Մադլեն Թաշճյանը: Սակայն վերջինս արդեն տևական ժամանակ է, ինչ անհետացել է Հայաստանից և ոչ ոք տեղյակ չէ, թե որտեղ է նա գտնվում: Հաշվի առնելով ստեղծված պատկերը, որ նրա կինն անհետացել է, իսկ ամուսիններն էլ ժառանգներ չունեն, ուստի անհասկանալի է մնում, թե ինչ ճակատագիր է սպասվում Սերոբ Տեր Պողոսյանի ահռելի ունեցվածքին: Առավել հետաքրքիր է՝ արդյոք Մադլեն Թաշճյանը կհայտնվի՞ Հայաստանում և կմասնակցի՞ ամուսնու հուղարկավորությանը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր