939 դիտում
16:14 22-09-2014
Շահագործման է հանձնվել Արամի և Բուզանդի փողոցների միջև ընկած ճանապարհահատվածը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի երթևեկը բեռնաթափելու նպատակով վարչական շրջաններում շարունակվում են շրջանցիկ ճանապարհահատվածները վերակառուցելու և նորերը բացելու աշխատանքները: Մասնավորապես, նշվել է, որ ընթացքում է Սարալանջի փողոցը Տիգրան Մեծի պողոտային կապող նոր ճանապարհի շինարարությունը և երկաթգծի նախկին կամուրջը հետիոտնային վերգետնյա անցումի վերակառուցելու գործընթացը:
Զեկուցվել է նաև, որ ավարտվել և շահագործման է հանձնվել Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող Արամի և Բուզանդի փողոցների միջև ընկած ճանապարհահատվածը: Այն ապահովվել է արտաքին լուսավորությամբ, կահավորվել ճանապարհային համապատասխան նշաններով, վերակառուցվել է նաև կոյուղատար համակարգը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացնել առաջարկներ նոր ճանապարհահատվածների վերաբերյալ և այդ ուղղությամբ ձեռնարկել համապատասխան քայլեր:
«Փոքր կենտրոնի բեռնաթափման տեսանկյունից՝ այս ճանապարհահատվածի շահագործումն իսկապես անհրաժեշտություն էր, որի շնորհիվ զուգահեռ փողոցների որոշակի բեռնաթափումն արդեն իսկ զգալի է: Սակայն մայրաքաղաքում կան այլ ճանապարհահատվածներ ևս, որոնք բացելու դեպքում երթևեկությունը մայրաքաղաքում էապես կբեռնաթափվի: Նման օրինակներ մենք արդեն ունենք. Աջափնյակ վարչական շրջանում՝ Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկի վերաբացումը, այժմ նաև աշխատանքներ են տարվում Նոր Նորքի 9-րդ զանգվածից դեպի 8-րդ զանգված տանող հատվածում: Քննարկեք և համապատասխան առաջարկներ ներկայացրեք նաև այլ հատվածներում նոր ճանապարհների վերակառուցման ուղղությամբ»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական և մշակութային հաստատությունների վերանորոգման աշխատանքների ընթացքի հետ կապված զեկուցվել է, որ որոշ կազմակերպություններ խախտել են պայմանագրով սահմանված ժամկետները, և աշխատանքներն առայժմ ավարտված չեն:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ վարչարարության իրականացման ուղղությամբ:
Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված՝ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ իրականացված հսկողության շնորհիվ հայտնաբերվել է ապօրինության 10 դեպք, նախկինում արձանագրված 7 դեպքի մասով էլ կազմակերպվել են քանդման աշխատանքներ: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է աշխուժացնել աշխատակազմի կողմից կատարվող աշխատանքներն ու գործընթացը պահել անմիջական հսկողության տակ:
«Չնայած իրականացվող մեծածավալ աշխատանքներին, այդուամենայնիվ, այս ոլորտում մեր անելիքները դեռ շատ են և այդ նպատակով պետք է որոշակիորեն փոփոխենք մեր աշխատակարգը: Եվ այստեղ մեծ անելիք ունեն վարչական շրջանների ղեկավարներն ու նրանց աշխատակազմերի պատասխանատուները, որպեսզի կարողանանք ընդհանրապես բացառել ապօրինի շինարարություններն ու հողազավթումները»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Մայրաքաղաքի փողոցներում մեքենաների ապօրինի առևտուրը բացառելու նպատակով իրականացված աշխատանքների մասով զեկուցվել է, որ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով նախորդ մեկ ամսվա ընթացքում 180 ավտոմեքենաներից հանվել են վաճառքի մասին գրառումները և այդ ուղղությամբ շարունակվում են տարվել համապատասխան աշխատանքներ: Բացի այդ, նաև զեկուցվել է, որ մայթերին ավտոմեքենաների կայանման 19 դեպք է գրանցվել, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ:
Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ հսկողություն իրականացնելու մասով էլ զեկուցվել է, որ այդ աշխատանքներին ներգրավվել ու օրվա տարբեր ժամերին ստուգայցեր են կազմակերպել նաև Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջանների ղեկվարների աշխատակազմերի ներկայացուցիչները: Տրանսպորտային 130 միջոցներում կատարված ուսումնասիրություններով հայտնաբերված խախտումների ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները և գործընթացը պահել մշտական հսկողության ներքո:
Հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքների ընթացքի հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ մաքրվել է 325 անձրևընդունիչ:
Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ բացօթյա ապօրինի առևտուրը կանխարգելելու նպատակով սահմանված հսկողությամբ հայտնաբերվել է 5 դեպք, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ:
Անդրադառնալով ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ առևտրի և հանրային սննդի օբյեկտներում իրականացված ստուգայցերին՝ զեկուցվել է, որ ուսումնասիրությամբ հայտնաբերված խախտումներով մի շարք տնտեսվարողներ ենթարկվել են վարչական պատասխանատվության: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու ստուգայցերի արդունքները պարբերաբար ներկայացնել հանրությանը:
Նմանատիպ նյութեր
1173 դիտում
11:25 26-09-2014
Արամի և Բուզանդի փողոցների միջև ընկած նոր ճանապարհահատվածն արդեն երթևեկելի է
13082 դիտում
20:18 02-06-2017
Հունիսի 3-ից 5-ը ժամանակավորապես փակ կլինի Տերյան փողոցի Արամի և Պուշկինի փողոցների հատման ճանապարհահատվածը
2448 դիտում
10:49 28-10-2019
փոխիր աշխարհը. Արամի երազանքի ճանապարհը. ՄԻՊ-ը ներկայացրել է դպրոցական Արամի երազանքի մասին պատմող տեսանյութ
Այս բաժնից
802 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով
1150 դիտում
18:43 26-12-2024
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
826 դիտում
18:29 26-12-2024
ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը