211652_close_icon
views-count1137 դիտում article-date 14:51 20-09-2014

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին

Ներկայացնում ենք ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը․ «Սիրելի Հայրենակիցներ, Հայաստան-Սփյուռք համաժողովի հարգելի մասնակիցներ, Տիկնայք և պարոնայք, Հայաստանի նախագահի ղեկավարությամբ մեր դիվանագիտությունը շարունակում է ներկայացնել և պաշտպանել մեր երկրի, ժողովրդի շահերը միջազգային ասպարեզում։ Այն, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել շուրջ 160 պետությունների հետ, մոտ ինը տասնյակ միջազգային կազմակերպությունների անդամ է, ստորագրել է շուրջ 1800 միջազգային պայմանագիր և համաձայնագիր, խոսուն ցուցանիշ է արտաքին գործերի նախարարությունում և արտերկրում վեց տասնյակից ավելի մեր ներկայացուցչություններում աշխատող հայ դիվանագետների ծավալուն աշխատանքի: Այս ամենը դժվար կլիներ իրականացնել, եթե մեր կողքին չունենայինք աշխարհասփյուռ հայությանը։ Հայաստանն այսօր կարողանում է իր համար կարևորություն ունեցող տարբեր հարցերի, միջազգային օրակարգի մաս կազմող տարաբնույթ խնդիրների վերաբերյալ իր ձայնը լսելի դարձնել միջազգային ամենատարբեր հարթակներում: Ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում Հայաստանը դիտվում է որպես վստահելի գործընկեր, որի վարած հավասարակշռված արտաքին քաղաքականությունը ընկալելի է տարբեր մայրաքաղաքներում: Երկու տասնամյակների ընթացքում Հայաստանն իր շարունակական նպաստն է բերել միջազգային խաղաղության և անվտանգության ապահովմանը, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, միջազգային իրավունքի այլ սկզբունքների հիման վրա պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման, վեճերի խաղաղ կարգավորման, տնտեսական, սոցիալական, մշակութային և մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային համագործակցությանը։ Առանցքային նշանակություն ունեցող արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ շարունակում է համատեղ ջանքերը` հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ: 2009-2013թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից արված հինգ կարևորագույն համատեղ հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, վերահաստատում են, որ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը այսօր լիակատար ընկալում է գտնում միջազգային հանրության կողմից։ Չնայած Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվող սադրիչ, և ռազմատենչ հայտարարություններին, խաղաղությունը խարխլելու շարունակական փորձերին, միջազգային հանրությունը շարունակում է ջանքերը Ադրբեջանին կառուցողական դաշտ հետ բերելու նպատակով։ Դրա մասին են վկայում եռանախագահ երկրների կողմից արված վերջին կոչերը։ Խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն են ուղղված համանախագահ երկրների նախաձառնությամբ կազմակերպված օգոստոսին՝ Սոչիում, սեպտեմբերին՝ Նյուպորտում և հոկտեմբերին՝ Փարիզում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները։ Սիրելի հայրենակիցներ, Գիտեմ, որ այս համաժողովի շրջանակներում հանգամանալից քննարկել եք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները և անելիքները, փոխարտգործնախարարը ձեզ է ներկայացրել այդ ուղղությամբ արտգործնախարարության և դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տարվող աշխատանքները։ Նախորդ տարվա մարտին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանում Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ շուրջ վեց տասնյակ երկրների համահեղինակությամբ բանաձևի ընդունումը և մեր մասնակցությունը այս տարվա մարտին Ժնևում և ապրիլին Բրյուսելում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային համաժողովներին վկայում են այդ ուղղությամբ մեր դիվանագիտության ակտիվ ներգրավվածության մասին։ Սիրելի հայրենակիցներ, Մեր աշխատանքներում հաշվի ենք առնում մեր անմիջական հարևանությամբ գտնվող տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները: Տեղյակ եմ, որ դուք անդրադարձել եք սիրիական ճգնաժամի հետևանքով արտակրգ դրության մեջ հայտնված մեր հայրենակիցների խնդիրներին։ Մեր օրակարգում առանցքային տեղ են զբաղեցնում սիրիահայության անվտանգության և Սիրիայում մեր պատմամշակութային ժառանգության պահպանման հետ կապված հարցերը: Անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում աշխարհի ուշադրության կենտրոնում գնտվող Իրաքում ծայրահեղականների կողմից կրոնական և ազգային փոքրամասնությունների՝ քրիստոնյաների, մահմեդականների, եզդիներ դեմ իրականացվող զանգվածային ոճրագործություններին, արտգործնախարարությունը, արտերկրում և միջազգային ներկայացուցչությունները մեր դիվանագիտական ներկայացուցչությունները բարձրաձայնել են միջազգային հանրության կողմից անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին։ Այդ նպատակով սեպտեմբերի մեկին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում մեր մասնակցությամբ մշակվել և ընդունվել է համապատասխան բանաձև։ Սիրելի Հայրենակիցներ, Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու Հայաստանի որոշումը պայմանավորված էր մեր երկրի տնտեսական և ռազմավարական շահերով։ Եվրասիական բարձրագույն խորհրդի կողմից որոշում է կայացվել ստորագրման ներկայացնել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ փաստաթուղթը և շուտով դա կիրականացվի: Անցյալ նոյեմբերին Վիլնյուսում կայացած գագաթաժողովին Հայաստանը և Եվրոպական միությունը համատեղ հայտատարարութամբ երկուստեք վերահաստատեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու հանձնառությունը և մենք շարունակում ենք մեր աշխտանքները այս ուղղությամբ։ Մենք հետևողական ջանքեր ենք գործադրում` միտված միջազգային կազմակերպություններում եւ գործընթացներում Հայաստանի ներգրավվածության խորացմանը, միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակության եւ դիրքերի ամրապնդմանը: Նախորդ տարի Հայաստանը հաջողությամբ նախագահեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում, որոնք էլ ավելի բարձրացրեցին մեր երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում՝ ևս մեկ անգամ ընդգծեցին մեր դիվանագիտական համակարգի պատրաստականությունը՝ ստանձնելու և հաջողությամբ իրականացնելու միջազգային կարևորություն ունեցող առաքելություններ: Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրում սերտացնելու իր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, զարգացնելու բարեկամական գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների, առավել ամրապնդելու համագործակցությունը հարևան Վրաստանի և Իրանի հետ։ Հայաստանի մոտեցումը առանց նախապայմանների կարգավորելու հարաբերությունները Թուրքիայի հետ վայելում է միջազգային հանրության աջակցությունը։ Մենք ջանում ենք խորացնել փոխգործակցությունը եվրոպական, ասիական, լատինամերիկյան, արաբական, աֆրիկյան երկրների հետ, ընդլայնելու մեր երկրի փոխհարաբերությունների աշխարհագրությունը։ Մեր դեսպաններն այսօր հավատարմագրված են ուղղակիորեն և համատեղության կարգով` ավելի քան ինը տասնյակ երկրում և միջազգային կազմակերպությունում: Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ հանդիսացող Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության շրջանակներում մենք շարունակել ենք հանդես գալ կառույցի առավել ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններով: Հետևողական զարգացում է ապրել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Մեր դիվանագիտության ուշադրության կենտրոնում է գտնվում տնտեսական, մշակութային, հումանիտար կապերի զարգացումը, խորհրդարանական դիվանագիտությանն օժանդակումը, ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, արտերկրում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը, տարբեր երկրներում բնակվող մեր քաղաքացիների շահերի պաշտպանությունը, հատկապես ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին սատարումը։ Հարգելի գործընկերներ, Մեր շատ նախաձեռնություններում, մենք վայելում ենք Սփյուռքի կառույցների, կազմակերպությունների և անհատների աջակցությունը և դրանում է նաև մեր ընդհանուր հաջողության գրավականը։ Վստահ եմ, որ այս կարգի հանդպումները հնարավորություն են ընձեռում համակարգելու մեր անելիքները և գործողությունները, առավել արդյուանվետ դարձնելու մեր համատեղ ջանքերն՝ ուղղված միջազգային ասպարեզում մեր պետության, մեր ժողովրդի շահերի պաշապանությանը»։

Նմանատիպ նյութեր