Վերականգնվել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը
Ռուսաստանը և Վրաստանը վերականգնել են ուղիղ ավիահաղորդակցությունը: Այս մասին նշված է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության տարածած հաղորդագրության մեջ:
«Վրաստանի ԱԳ նախարարության հղած նոտայի համաձայն 2014 թվականի սեպտեմբերի 15-ից վերականգնվել է Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա չվերթուղին»,-ասված է հայտարարության մեջ: Այսուհետ կանոնավոր չվերթները կիրականացնեն «Աերոֆլոտ», «Վիմ-Ավիա», «Գլոբուս», «Տ7», «Տրանսաերո», «Ուրալյան ավիաուղիներ» և «UTair» ընկերությունները:
Երկու երկրների միջև ուղիղ չվերթները դադարեցվել էին 2008 թվականի օգոստոսի վերջից, երբ Ռուսաստանը հայտարարեց, որ պաշտոնապես ճանաչում է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Ի պատասխան՝ Թբիլիսին հայտարարեց Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: