Կրկնակի ցույց Նյու Յորքում՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի
Սեպտեմբերի 12-ին կայացավ նյուրքահայ համայնքի կազմակերպած բողոքի երկրորդ ցույցը՝ ի պաշտպանություն հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի:
Նյու Յորքում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության դիմաց հավաքված ցուցարարներն արդեն տեղյակ էին նույն օրը Մոսկվայի Բասմաննի դատարանի կայացրած խայտառակ որոշման մասին, ըստ որի՝ վատառողջ, 65-ամյա հայազգի բարերարը կալանքի տակ է գտնվելու մինչև տարեվերջ: Ցուցարարները վրդովմունք արտահայտեցին մարդու իրավունքերի կոպիտ ոտնահարման այս փաստի կապակցությամբ: Նրանք դիմեցին ՌԴ հյուպատոսին՝ իրենց տագնապի ձայնը հասցնելու Ռուսաստանի պատկան այն մարմիններին որոնք շարունակում են կալանքի տակ պահել քաղցկեղով հիվանդ հայ բարերարին:
Նյույորքահայութան բողոքի ցույցին մասնակցում էին նաև Միացյալ Նահանգներում ապրող Լևոն Հայրապետյանի ավագ դուստրը՝ Ելենա Հայրապետյանը և ընտանիքի այլ անդամներ:
Ցույցը կազմակերպել էր «Ազատություն Լևոն Հայրապետյանին» շարժման Նյու Յորքի շտաբը: Շարժման կազմակերպիչները կոչ արեցին աշխարհի հայությանը շարունակել պայքարը՝ հանուն Լևուն Հայրապետյանի ազատության: Հաջորդ ցույցը կազմակերպվելու է սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ գագաթաժողովի անցկացման օրերին:
Սառա Գասպարյան, Նյու Յորք: