211652_close_icon
views-count1267 դիտում article-date 15:52 04-09-2014

Կառավարության նիստում արծարծվել են հանրությանը հուզող մի շարք հարցեր

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը: ՀՀ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնելու առաջարկություններ` «ՀՀ 2015 թ. պետբյու¬ջեի մասին» օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վե¬րաբերյալ: Մինչև 2014թ. սեպտեմբերի 13-ը ՀՀ վարչապետի մոտ քննարկվելու է բյուջեի նախագծի նախնական տարբերակը, որից հետո փաստաթուղթը ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողով: Այնուհետև կառավարության ղեկավարն անդրադարձել է հանրությանը հուզող ևս մեկ հարցի. «Վերջին օրերին ինձ են դիմել բուհերի երիտասարդ դասախոսներ, ովքեր համատեղում են ոչ պետական կազմակերպություններում իրենց աշխատանքը պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակ ունեցող բուհերում դասախոսական աշխատանքի հետ, մտահոգություն հայտնելով նպատակային սոցիալական վճարի երկու աշխատավայրից կատարման պարտավորությունների առնչությամբ: Չնայած պետական կենսաթոշակների մասին օրենքով ուղղակիորեն սահմանված չէ, սակայն սոցիալական վճար կատարելու պարտականությունը փոխկապակցված է անձին, այսինքն՝ կոնկրետ անձը հարկային տեղեկատվական համակարգում ունի մեկ կարգավիճակ, կամ համակարգի մասնակից է, կամ մասնակից չէ: Հաշվի առնելով պատասխանատուների մտահոգությունները՝ հանձնարարել եմ Ֆինանսների նախարարին՝ ուսումնասիրել և առաջարկություններ ներկայացնել համապատասխան իրավական ակտ ընդունելու և հարկային մարմնի տեղեկատվական համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ հնարավորություն տալով սոցիալական վճար կատարելու պարտականություններից հրաժարվելու դիմում ներկայացնելու նաև այն անձի կողմից, ով համատեղությամբ աշխատում է բարձրագույն ուսումնական հաստատությունում և հիմնական գործատուն չի հանդիսանում պետական կազմակերպությունը»: Վարչապետի առաջարկով ՀՀ սփյուռքի նախարարը տեղեկացրել է, թե ինչ աշխատանք է կատարվել ս.թ. սեպտեմբերի 18-21-ը տեղի ունենալիք Հայաստան-Սփյուռք հերթական համահայկական համաժողովի նախապատրաստության ուղղությամբ: Հրանուշ Հակոբյան- Նախորդ համաժողովը տեղի է ունեցել 2011 թվականին: Այս տարի 600 և ավելի սփյուռքի կառույցների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը, և այդ գործընթացը շարունակվում է: Համաժողովին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ղեկավարությունը և բոլոր համահայկական կառույցների ղեկավարները, այդ թվում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, Կաթողիկե պատրիարքը և մյուս բոլոր առաջնորդները: Համաժողովը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այն կբացի հանրապետության վարչապետը: Տեղի կունենան երեք լիագումար և ըստ ուղղությունների չորս նիստեր: Օրակարգում կլինեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող թեմաները, երկրորդը՝ սիրիահայերի և արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի անվտանգության հիմնախնդիրները, երրորդ հարցը կվերաբերի լեզվի պատշպանությանը և մամուլին, չորրորդ հարցը՝ Հայրենիք-Սփյուռք գործակցության կառուցակարգերի կատարելագործմանը: Այս համաժողովի շրջանակում նաև տեղի կունենա զանգվածային լրատվամիջոցների 7-րդ համաժողովը, որին մասնակցելու են 120 խմբագիր սփյուռքից և Հայաստանի մամուլի ներկայացուցիչները: Նախապատրաստական բոլոր աշխատանքները համապատասխան գերատեսչությունների, նախարարությունների, կառույցների հետ մենք իրականացնում ենք: Ակնկալում ենք, որ կառավարության անդամները, գերատեսչությունների ղեկավարները կմասնակցեն համաժողովին և քննարկումներին»: Կառավարությունն իր որոշմամբ սահմանել է, որ «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետտուրքի վճարումից:

Նմանատիպ նյութեր