Այցելություն Ուռուցքաբանության ազգային կենտրոն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր այցելեցին ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, հանդիպեցին բուժանձնակազմին:
Կենտրոնի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը հակիրճ ներկայացրեց բուժհաստատության գործունեությունը: Նշվեց, որ կենտրոնի բժշկական ծառայություններից օգտվում է տարեկան մոտ 4500 մարդ, կատարվում է շուրջ 3500 վիրահատություն: Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը կրթական բազա է հանրապետության մասնագետների վերապատրաստման և ԵՊԲՀ-ի ուսանողների գործնական պարապմունքների համար:
Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորելով Հայրապետ Գալստյանին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ։
Առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար Հովիկ Աբրահամյանը Հայրապետ Գալստյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Հայրապետ Գալստյանը շնորհակալություն հայտնեց կառավարության ղեկավարին՝ բարձր գնահատանքի համար, և նշեց, որ վարչապետի պարգևը կենտրոնի ողջ անձնակազմի աշխատանքի գնահատականն է: Անվանի պրոֆեսորը վստահեցրեց, որ կենտրոնը հետայսու ևս իր առավելագույն ջանքերը կներդնի հասարակությանը բարձրորակ ծառայություններ մատուցելու գործում:
Շնորհավորելով Հայրապետ Գալստյանին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց.
«Սիրելի ուսուցիչ, ինձ համար մեծ պատիվ է հարազատ օջախում, ուր աշխատել և սովորել եմ Ձեզանից, այսօր շնորհավորանքի խոսք հղել վարչապետի ներկայությամբ: Ձեր բազմամյա գործունեությունը մեծ նպաստ է բերել Հայաստանում ուռուցքաբանության զարգացմանը։ Տասնյակ հազարավոր փրկված, առողջացած մարդիկ երախտիքով են հիշում Ձեր պայծառ անունը։
Դուք ուռուցքաբանների մի ամբողջ սերունդ եք կրթել։ Ձեր ղեկավարության ներքո հաջողությամբ պաշտպանվել են 13 դոկտորական և 42 թեկնածուական ատենախոսություններ»: