211652_close_icon
views-count1347 դիտում article-date 10:08 28-08-2014

Առողջապահության ազգային ինստիտուտը, կարծես, մնացել է առանց իր հիմնական գործառույթի. Արմեն Մուրադյան

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում հանդիպեց կառույցի ստորաբաժանումների ղեկավարների հետ, ովքեր նախարարին ներկայացրին ինստիտուտում իրականացվող ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Օգոստոսի 27-ին Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ալեքսանդր Բազարչյանը սեղմ ժամկետում կմշակի այն առաջնահերթ ծրագրային մոտեցումները, ուղիները, որոնք միտված կլինեն կառույցի դինամիկ զարգացմանը: «Ազգային ինստիտուտը` կորցնելով կրթական բաղադրիչը, կարծես, մնացել է առանց իր հիմնական գործառույթի։ Մինչդեռ այն կոչված էր լինելու վերլուծական կենտրոն` առողջապահության ոլորտի «ուղեղը»: Ինստիտուտի նոր գործառույթների մշակումը ներկա փուլում հանձնարարվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին»,-նշեց նախարարը` ավելացնելով, որ պետք է հաշվի առնել նախանշվող ծրագրերի ռիսկերը, հստակեցնել առաջնահերթությունները: Արմեն Մուրադյանը կարևորեց նաև բժշկական հաստատությունների և մասնագետների որակավորման բնութագրերի մշակման գործընթացի անհրաժեշտությունը: «Բոլոր ծրագրերի իրականացման հիմքում լինելու է ոչ թե հիվանդաբուժության, այլ բնակչությանն առողջ պահելու գաղափարը»,- ընդգծեց առողջապահության ոլորտի գլխավոր կազմակերպիչը` ավելացնելով, որ առողջ ապրելակերպի, առողջության պահպանման առաջնային օղակի, համակարգի այլ ոլորտների զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերը շարունակական են լինելու: Նախարարն առաջարկեց գործարար միջավայրի հետ սերտ համագործակցության միջոցով ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ փնտրել, ինչը թույլ կտա բերալավել կառույցի շենքային պայմանները։ Առողջապահության ազգային ինստիտուտի համար դա օրակարգային խնդիր է: Առաջիկայում ֆինանանսական միջոցների առկայության դեպքում ծրագրվում է վերանորոգել ինստիտուտի երկու` մեծ և փոքր դահլիճները, որոնք նախատեսված են գիտաժողովների, մամուլի ասուլիսների, այլ ձևաչափերով հանրային միջոցառումների իրականացման համար: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բազարչյանը շնորհակալություն հայտնեց նախարարին վստահության համար` հավաստիացնելով, որ նախանշված բոլոր ծրագրերը համատեղ ուժերով կյանքի կկոչվեն` կմշակվի ինստիտուտի առաջիկա հինգ տարիների զարգացման հայեցակարգը: Նրան հանձնարարվեց մեկամսյա ժամկետում ներկայացնել նաև կադրերի հաստիքացուցակ: Ազգային ինստիտուտում նախարարն այցելեց նաև գրադարան, շրջեց հարկերով, ծանոթացավ կառույցի նյութատեխնիկական և գույքային պայմաններին: Արմեն Մուրադյանը օգոստոսի կեսին ևս մեկ աշխատանքային այց էր կատարել Առողջապահության ազգային ինստիտուտ, որի շրջանակում նրան էին ներկայացվել ՀՀ ԱՆ ԱԱԻ Տեղեկատվական վերլուծական կենտրոնի գործունեությունը, Առողջապահական համակարգի գնահատման, ինչպես նաև Ազգային հաշիվների վերջին տարիներին ստեղծված զեկույցները։

Նմանատիպ նյութեր