1394 դիտում
15:26 22-08-2014
Դատապարտված նախկին տնօրենի կամակորության հետևանքով տուժում է դպրոցի բյուջեն, այնտեղ աշխատող ուսուցիչները
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Սույն պատմությունն այն մասին է, թե ինչպես որևէ դպրոցին կրթության համար հատկացված պետական միջոցները օրինական ճանապարհով կարող են վատնվել և որևէ պատասխանատու պաշտոնյա չի փորձում կանխել այս օրինական թվացող վնասակար գործընթացը:
Որոշ դպրոցների ինքնասիրահարված տնօրեններ անօրեն ազատված ուսուցիչների օգտին կայացվող դատավճիռներն անընդհատ բողոքարկելու ճանապարհով պարզապես վատնում են կրթության համար նախատեսված գումարները՝ ստիպված լինելով վճարել հարկադիր պարապուրդի համար:
Ասելիքիս համար որպես ակնառու օրինակ է ծառայում կրկին Երևանի թ.27 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից աշխատանքից անօրեն կերպով ազատված հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու և սոցաշխատողի կողմից դատարան դիմելն ու վերականգնման մասին դատավճիռները:
Երկու դեպքում էլ դատական գործերն անցել են դատական բոլոր աստիճաններով և ի վերջո դատավճռով թ.27 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ը պետք է վճարի հարկադիր պարապուրդները:
Սոց աշխատողի դեպքում այդ գումարը 1.4 միլիոնի կարգի է, իսկ լեզվի ուսուցչու պարագայում վերջին դատավճիռն ուժի մեջ մտնելու է 22.08.2014թ.-ից և դատավճռով հարկադիր պարապուրդը դպրոցը պետք է հաշվարկի 29.03.2013 թվականից մինչև աշխատանքի վերականգնվելու օրը, որը նույնպես բավականին կլորիկ գումար է լինելու: Նշեմ նաև, որ այս ուսուցչուհին դեռևս 2012 թվականի դեկտեմբերի դատարանի որոշմամբ պետք է վերականգնվեր աշխատանքի և նրան պետք է վճարվեր հարկադիր պարապուրդի
գումար 01.01.2013-28.03.2013 ժամանակահատվածի համար, որը վճարվել է, սակայն վերականգնելու հրամանի փոխարեն դպրոցի նախկին տնօրենը նոր հրամանով ուսուցչուհուն կրկին ազատում է աշխատանքից ժամ չունենալու հիմնավորմամբ այն դեպքում, երբ հենց այդ ընթացքում՝ 2013թ. փետրվարի 1-ին լեզվի և գրականության ուսուցիչ է նշանակում մեկին, ում կրթությունը չի համապատասխանում մանկավարժական գործունեությանը:
Բնականաբար այս փաստը բացահայտվելուց հետո ազատում է վերոնշյալ ուսուցչուհուն ու նշանակում ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ, որը նշանակվում է 2013թ. դեկտեմբերի 26-ին, երբ դատարանը նույն օրն արդեն կայացրել էր անօրեն կերպով աշխատանքից ազատված ուսուցչուհու վերականգման մասին մի որոշում ևս:
Նշեմ, որ մրցույթի արդյունքում աշխատանքային պայմանագիր է կնքվում ոչ թե մեկ, այլ երկու ուսուցիչների հետ: 2013թ. դեկտեմբերի 26-ի դատավճիռը նույնպես բողոքարկվում է դպրոցի տնօրենի արդեն ժամանակավոր պաշտոնակատարի կողմից, որովհետև նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործի արդյունքում կասեցվել էր նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:
Փաստորեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ձեռագիրը ոչնչով չտարբերվեց նախկին տնօրենի աշխատանքային ձեռագրից, այսինքն փաստորեն դատապարտված նախկին տնօրենը շարունակում է պաշտոնավարել մինչ օրս, նամանավանդ եթե հայտնի դառնա, որ նա կրկին բողոքարկել է վերջին՝ 21.07.2014թ. դատավճիռը, որն ուժի մեջ է մտել 22.08.2014թվականին:
Մազաչափ չեմ կասկածում, որ այս բողոքարկման արդյունքում ևս դատավճիռը լինելու է ի օգուտ ուսուցչուհու, սա նշանակում է, որ հարկադիր պարապուրդի գումարներն ավելի են աճելու՝ ի վնաս դպրոցի բյուջեի: Արդյունքում, արդեն դատապարտված նախկին տնօրենի կամակորության հետևանքով տուժում է դպրոցի բյուջեն, այնտեղ աշխատող ուսուցիչները, իսկ դպրոցի լիազոր պետական մարմինը՝ Երևանի քաղաքապետարանը ոչ մի ձևով չի կանխում այս ամենը, ժամանակավոր պաշտոնակատարին չի սանձում ասելով, որ բավական է ենթարկվես նախկին տնօրենին, դու պետք է առաջնորդվես դպրոցի շահերով, պետք է կատարես դատարանի վերջին վճիռն ու վերականգնես անօրեն ազատված ուսուցչուհուն, որպեսզի հարկադիր պարապուրդի վճարները չաճեն: Ի վերջո, եթե տարեվերջին պարզվի, որ դպրոցի բյուջեն պակասորդ ունի, դա գլխացավանք է հենց քաղաքապետարանի համար:
Ավելացնեմ որ ժամանակավոր պաշտոնակատարն արդեն աշխատանքից ազատել է դպրոցի 63 տարին օրերս լրացած, կրթությամբ միակ լոգոպեդին, բայց պահում է 74 տարեկան գրադարանավարին, ով նախկին տնօրենի մայրն է և չունի համապատասխան կրթություն, ինչպես նաև թոշակի տարիքը բավականին առաջացած տարբեր ուսուցիչներ:
Սա կրթության համար նախատեսված պետբյուջեն անարդյունավետ ծախսելու ընդամենը մեկ օրինակ է, այսպիսիք, ցավոք շատ են, որն ի ցույց եմ դնում պատկան պաշտոնյաներին ասելու, որ դուք պարտավոր եք վերահսկել և պաշտպանել մեր երեխաների կրթության համար նախատեսված գումարների արդյունավետ ծախսելու գործընթացը, բացահայտել ու կանխել այս ուղղությամբ ցանկացած ոտնձգություն:
Իսկ այն, ինչ այսօր կատարվում է վերոնշյալ դպրոցի բյուջեի հետ, լիազոր պետական մարմնի կողմից կամ թողտվության կամ անզորության ու անտարբերության տպավորություն է թողնում»:
Նմանատիպ նյութեր
2306 դիտում
12:00 06-09-2014
Դպրոցի ուսուցիչները պահանջում են տնօրենի ընտրություն
2190 դիտում
17:01 24-07-2014
ԱԺ նախկին պատգամավորը բարձրաձայնում է, որ 174 դպրոցի դատապարտված նախկին տնօրենը փորձում է նորից տնօրեն դառնալ
Այս բաժնից
1102 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1198 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1402 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ