2014 թվականին մայրաքաղաքում կհիմնանորոգվի 23 փողոց
                        2014 թվականին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում կասֆալտապատվի 2.0 մլն. քմ տարածք, որից  622300 քմ-ն բաժին է ընկնում  հիմնանորոգման աշխատանքներին: Ըստ այդմ, ամբողջությամբ կբարեկարգվի 23 փողոց՝ ներառյալ մայթերի ասֆալտապատումը, նոր եզրաքարերի տեղադրումը, հաշմանդամների և մանկասայլակների համար նախատեսված թեքահարթակների կառուցումն  ու դիտահորերի կարգաբերումը: Մինչ այդ, կենսապահովման ոլորտի կազմակեպությունները հիմնանորոգման ցանկում առկա բոլոր փողոցներում ավարտել են իրենց մասնագիտական աշխատանքները, քանի որ ասֆալտապատումից հետո, բացառությամբ վթարային դեպքերի, այլ գործընթաց ծավալել չի թույլատրվի: Ներկայում, բացի Նոր Արեշի 50 -րդ փողոցից, մնացած բոլոր տեղերում աշխատանքները մեկնարկել են, իսկ  Շիրակի և Ագաթանգեղոսի փողոցներում գործընթացն արդեն ավարտվել է, և այդ ճանապարհահատվածները լիարժեքորեն շահագործվում են: Ավարտված է նաև մայթերի ասֆալտապատման ընդհաուր ծավալի շուրջ 40 տոկոսը: Տարվող աշխատանքը պատասխանատու կառույցների կողմից մշտապես վերահսկվում է: Ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Աշխատանքների  ծավալման առաջին նախապայմանը բարձրորակ ասֆալտապատում իրականացնելն է: Բացառությամբ շահագործման տարիների ընթացքում ի հայտ եկած հնարավոր կոմունալ-կենցաղային վթարների դեպքերի,  5 տարվա ընթացքում առաջացած ցանկացած այլ թերություն ասֆալտապատող կազմակերպությունները պայմանագրային հիմունքներում ամրագրված կետով կվերացնեն սեփական միջոցներով: Ճանապարհաշինարարները վստահեցնում են, որ 2014 թվականի ծրագրով նախատեսված փողոցների հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում:
Փողոցների հիմնանորոգմամբ պայմանավորված պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի վարչություն
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

