211652_close_icon
views-count2754 դիտում article-date 14:13 15-08-2014

«Կրպակ» ՍՊԸ-ն առանց լիցենզիայի հանդես է եկել որպես առևտրի իրականացման վայրերի կազմակերպիչ

Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել հարկային դաշտը շրջանցողների նկատմամբ: Այդ միջոցառումների շրջանակում վարչության 8-րդ բաժնի աշխատակիցների կողմից օրերս ուշագրավ դեպք է բացահայտվել. բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ «Կրպակ» ՍՊԸ-ն թեպետ հիմնականում խանութների ցանցի միջոցով իրականացնում է սննդամթերքի և այլ ապրանքների մանրամեծածախ առևտուր, նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում. Երևանի Նոր-Նորք 7-րդ զանգվածում և Հրազդան քաղաքում վարձակալված առևտրի կետերում, բացի մանրամեծածախ առևտրից, նաև ենթավարձակալությամբ տաղավարներ է տրամադրում տարբեր տնտեսվարող սուբյեկտների, որոնք պայմանագրի հիման վրա նույնպես իրականացնում են մանրածախ առևտուր: Ստացված օպերատիվ տեղեկությունները հիմնավորելու նպատակով «Կրպակ» ՍՊԸ-ում ՕՀՎ 8-րդ բաժնի և Հրազդանի տարածքային բաժնի աշխատակիցները համատեղ իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչի արդյունքում` ստացված օպերատիվ տեղեկությունները հիմնավորվել են: Այս մասին է տեղկացնում Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Համաձայն օրենսդրության «առևտրի իրականացման վայրի կազմակերպում»-ը լիցենզավորման ենթակա գործունեություն է, մինչդեռ «Կրպակ»-ը վերոհիշյալ հասցեներում նմանատիպ գործունեությունն իրականացնում է առանց լիցենզիայի, ինչի համար ընկերությանն առաջադրվել է տուգանք` համապատասխան պետական տուրքի տասնապատիկի չափով` կազմելով 15 միլլիոն դրամ: Վերականգնման ենթակա է նաև լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքը` 1.5 միլլիոն դրամի չափով: Դեպքի առթիվ կազմված նյութերը ուղարկվել են Ֆինանսների նախարարության քննչական վարչություն` հետագա ընթացքը որոշելու նպատակով:

Նմանատիպ նյութեր