Կոտայքի մարզպետը ծանոթացել է Քասախ համայնքի ենթակառուցավծքների գործունեությանը
ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը եղել է մարզի Քասախ համայնքում: Այս մասին է տեղեկացնում Կոտայքի մարզպետարանի մամուլի ծառայությունը:
Կոտայքի մարզպետը համայնքի կենտրոնական հրապարակում հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեփունջ տեղադրել Սեդրակ Ջալալյանի հուշարձանին, որից հետո համայնքի ղեկավար Ա. Մկրտչյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել տեղի մշակույթի կենտրոնում՝ ծանոթանալով վերջինիս հարմարություններին և կենտրոնի գործունեությանը:
Այնուհետև Ա. Հարությունյանն այցելել է Քասախի N 2 միջնակարգ դպրոց, որտեղ շրջել է դասասենյակներում, ծանոթացել շենքային պայմաններին՝ անդրադարձ կատարելով կրթության որակի բարելավմանը և մանկավարժների աշխատավարձերի բարձրացման հնարավորություններին՝ տալով համապատասխան հանձնարարականներ:
Քասախ համայնք կատարած այցելության շրջանակներում Կոտայքի մարզպետը ծանոթացել է նաև տեղի առողջության առաջնային պահպանման կենտրոնի աշխատանքային ուղղություններին: Բժշկական հաստատությունում հանգամանորեն վերլուծության են ենթարկվել ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակական ցուցանիշները և նախանշվել գործընթացի բարելավմանը միտված մի շարք ծրագրեր:
Քասախի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը հետաքրքրվել է գյուղացիների առօրյայով, ինչպես նաև լսել է նրանց հուզող հարցերն ու խնդիրները` ընդծելով, որ համայնքի ղեկավարի և ազգաբնակչության կողմից ներկայացված առաջարկությունների արդյունքում առաջիկայում իրենց լուծումներն են ստանալու համայնքային շատ հիմնախնդիրներ:
Քասախի N 1 միջնակարգ դպրոցում Ա. Հարությունյանը ծանոթացել է կրթօջախի շենքային պայմաններին և առկա խնդիրներին:
Այցելությունն ավարտվել է համայնքի մանկապարտեզում կատարված շրջայցով, որի ընթացքում մարզպետին ներկայացվել են նախադպրոցական ուսումնական հաստատության առօրյայի կազմակերպմանը վերաբերող հարցեր: