211652_close_icon
views-count1336 դիտում article-date 23:15 13-08-2014

ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է դեպի ՌԴ արտահանման ծավալների ավելացումը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում վերջիններիս խնդրանքով անդրադարձել է նաև դեպի Ռուսաստան արտահանման ծավալների ավելացման խնդրին` ընդգծելով, որ այժմ Հայաստանի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել այդ խնդրի լուծման համար: «Ավանդաբար մեր արտահանումների 70 տոկոսն իրացվել է Ռուսաստանի շուկայում: Սակայն այսօր, երբ մի շարք երկրների նկատմամբ Ռուսաստանի կառավարության կողմից կիրառվում են գյուղմթերքի ներմուծման արգելքներ, մենք պետք է կարողանանք ռուսաստանյան շուկայում առաջացած այդ բացը մեր հնարավորությունների սահմաններում լրացնել և կարճ ժամկետներում ավելացնել արտահանման ծավալները, ինչի հնարավորությունը մենք լիարժեք ունենք: Ընդ որում, դա վերաբերում է թե' թարմ պտուղ-բանջարեղենի, թե' վերամշակված տեսքով գյուղմթերքի, գինու և կոնյակի արտահանմանը», - նշել է նախարարը: Միաժամանակ Սերգո Կարապետյանն ավելացրել է, որ Հայաստանը ներկայումս ունի հնարավորություն նույնիսկ կրկնապատկել արտահանման ծավալները: Իսկ այն հարցին, թե արդյոք Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերը չեն խոչընդոտի գյուղմթերքի արտահանմանը, նախարարը պատասխանել է, որ այդ խնդիրը մշտապես նախարարության ուշադրության կենտրոնում է և կապի մեջ են ինչպես Վրաստանի իր գործընկերների, այնտես էլ ՀՀ արտաքին գործերի և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունների հետ: Չնայած Լարսում մարդկանց հոսքն ավելացել է և աճել է ապրանքաշրջանառությունը, ինչի հետևանքով կուտակումներ են առաջացել , սակայն այդ անցակետն աշխատում է բնականոն հունով,- ասել է նախարարը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր