211652_close_icon
views-count1451 դիտում article-date 11:08 07-08-2014

Մեր ցանկությունն է, որպեսզի ԼՂ հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցությունների արդյունքում. ՀՀ վարչապետ

Օգոստոսի 6-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող մի շարք հարցերի. այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը: Երկրի վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում կիսվել է վերջին օրերին սահմանամերձ համայնքներ կատարած այցերի տպավորություններով` նշելով, որ դիրքերից սկսած բոլորը մարտական են տրամադրված և պատրաստ են պաշտպանելու երկրի սահմանները: «Կառավարությունն ուշադիր է եղել և այսուհետ առավել ուշադիր է լինելու սահմանամերձ գյուղերի բոլոր խնդիրների նկատմամբ` փորձելով հնարավորության սահմանում դրանց լուծում տալ: Որպեսզի բնակիչները չլքեն սահմանամերձ գյուղերը, պետք է աշխատանք ունենան: Մենք այժմ օրենքի նախագիծ ենք պատրաստում և սեպտեմբերին կներկայացնենք Ազգային ժողով, որ սահմանամերձ 30 համայնքում գործարարությամբ զբաղվողներն ազատվեն բոլոր հարկերից», - նշել է Հովիկ Աբրահամյանը: Ինչ վերաբերում է սահմանի լարված իրավիճակին, այս կապակցությամբ կառավարության ղեկավարն ասել է. «Կրակոցները միշտ եղել են, իսկ այդ ակտիվությունը ես կապում եմ նաև Սոչիում օգոստոսի 8, 9-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և Ռուսաստանի նախագահի կայանալիք հանդիպման հետ: Այս միջադեպերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ իրենք այսօր հնարավորություն չունեն, որպեսզի Արցախի և Հայաստանի բանակներին ձեռնոց նետեն: Յուրաքանչյուր զինվորի կորուստ մեծ կորուստ է բոլորիս համար, և մեր ցանկությունն է, որպեսզի ԼՂ հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցությունների արդյունքում»: Հանրապետության վարչապետն անդրադարձել է նաև Լոռու մարզ կատարած աշխատանքային այցին վերաբերող հարցերին` գոհունակություն հայտնելով Հաղպատի դպրոցի հիմնանորոգման աշխատանքներից, ապա խոսելով Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի ծրագրերից: «Յուրաքանչյուր հանքարդյունաբերական ընկերություն պետք է օրենքի շրջանակում աշխատի, քանի որ մեզ համար ամենակարևորը մեր բնակիչների առողջությունն է և էկոլոգիական խնդիրները: Այսօր կոմբինատում 700-ից ավելի մարդ է աշխատում, և ևս 200 աշխատատեղ ավելացնելու հնարավորություն կա: Որպես կառավարության ղեկավար աջակցելու եմ, որպեսզի նոր ծրագրեր իրականացվեն և աշխատատեղեր ստեղծվեն», - հավելել է վարչապետը: Իսկ Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցների աշխատավարձի վճարման առնչությամբ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ընդհանուր մեկ տարվա աշխատավարձի պարտքը 350 մլն ՀՀ դրամ է, և մինչև օգոստոսի 10-ը կվճարվի մեկ ամսվա աշխատավարձը: Եվ եթե լինեն գործարանի վերագործարկման և զարգացման ծրագրեր, կառավարությունը կաջակցի դրանց իրականացմանը: Պատասխանելով բարերար Լևոն Հայրապետյանի կալանավորմանը վերաբերող հարցին՝ վարչապետը նշել է. «Լևոն Հայրապետյանը մշտապես օգնել է Արցախի զարգացման բոլոր ծրագրերի իրականացմանը, միշտ եղել է արցախցու կողքին: Մենք բարձր ենք գնահատում նրա բարեգործությունը և փորձելու ենք մեր լիազորությունների շրջանակում օգնել նրան որպես մեր ազգի բարերար»:

Նմանատիպ նյութեր