2419 դիտում
20:08 05-08-2014
ՀՀ ԱԺ խմբակցությունները միասնական են Հայոց բանակին սատարելու հարցում. հայտարարություն
ՀՀ ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել ադրբեջանական զինուժի կողմից հայ–ադրբեջանական սահմանագոտում և ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գոտում դիվերսիոն հարձակումների առնչությամբ։
Հայտարարությունում ասվում է հետևյալը.
«Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Վերջին օրերին ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է ներթափանցել հայկական դիրքեր և դիվերսիոն գործողություններ իրականացնել, տարբեր տրամաչափի զենքերից պարբերաբար գնդակոծվում են հայկական խաղաղ բնակավայրերը:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձգտում է օգտվել աշխարհաքաղաքական նոր իրողություններից և նման արկածախնդիր հարձակումներով ձախողել ԼՂՀ հիմնահարցի խաղաղ կարգավորման հնարավորությունը: Ադրբեջանի ղեկավարության` իրավիճակին ոչ համարժեք և անպատասխանատու կեցվածքը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային հանրության` հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու սկզբունքին:
Հերթական անգամ հայկական ուժերի հարկադրված պատասխան գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել` տալով զոհեր և վիրավորներ: Մեր հայրենիքի սահմաններին կանգնած զինվորներն ապացուցեցին, որ մշտապես համարժեք պատասխանով Ադրբեջանին թույլ չեն տալու ռազմական գերակշռության հասնել: Այդ սադրանքների ընթացքում հայ զինվորը ցույց տվեց իր մարտական բարձր պատրաստականությունն ու անմնացորդ նվիրվածությունը հայրենիքի պաշտպանության գործին:
Մեր ժողովրդի հետ սգում ենք զոհված հերոսների կորուստը և ցավակցում նրանց հարազատներին ու մտերիմներին: Նրանց անունն ու սխրանքը վառ պահելը ամենքիս խնդիրն է:
Ստեղծված իրավիճակում բացառիկ կարեւորելով հայ հանրության համախմբվածությունը Հայաստանի զինված ուժերի շուրջ՝ ՀՀ ԱԺ խմբակցությունները կոչ են անում.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին` գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանագծից դիպուկահարների հետ քաշման, միջադեպերի քննության և ժողովուրդների միջև ատելություն սերմանող հայտարարությունների և գործողությունների բացառման ուղղությամբ:
Միջազգային կազմակերպություններին և պետություններին` հրաժարվել ընդհանուր գնահատականներից, կողմերի միջև հավասարություն դնող մոտեցումից և դատապարտել Ադրբեջանի` խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու միտված նախահարձակ ու սադրիչ գործողությունները: Դադարեցնել ռազմական արկածախնդրության հակված Ադրբեջանին մեծաքանակ սպառազինության վաճառքը, ինչը հակասում է վերջնական խաղաղություն հաստատելու ջանքերին:
Միաժամանակ հայտարարում ենք, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը շարունակի իր ապակառուցողական գործելաոճը, իրադարձությունների անկանխատեսելի զարգացման ամբողջ պատասխանատվությունը կրելու է միայն ինքը: Հայ ժողովուրդն ու հայ զինվորը ապացուցել և ապացուցելու են, որ պատրաստ են ապահովել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:
ՀՀ ԱԺ խմբակցությունները միասնական են Հայոց բանակին և մեր զինվորներին սատարելու հարցում»:
«Հանրապետական» խմբակցություն
«Հայ ազգային կոնգրես» խմբակցություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն
«Ժառանգություն» խմբակցություն
«Օրինաց երկիր» խմբակցություն
Նմանատիպ նյութեր
1322 դիտում
13:40 27-01-2014
ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունները «կուտակայինի» վերաբերյալ հայտարարություն են տարածել
1966 դիտում
13:49 19-06-2015
ԼՂՀ ԱԺ խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել
Այս բաժնից
976 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
574 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը