211652_close_icon
views-count2458 դիտում article-date 13:33 03-08-2014

«Փյունիկ»-ի մեքսիկացի նորեկի բացառիկ հարցազրույցը

«Փյունիկի» նորեկ Սեզար Ռոմերոն այսօր դառնում է 25 տարեկան: Օրերս երևանյան ակումբի հետ պայմանագիր ստորագրած հարձակվողն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է անցկացնում տարեդարձը, ինչպես նաև վստահեցրեց, որ լիովին մերվել է նոր թիմին: -Սեզար, շնորհավորում ենք տարեդարձդ: Ինչպե՞ս ես նշում: -Սկսել եմ նշել երեկվանից. թիմակցիս՝ Հովոյի հետ հաճելի ընթրիք ունեցանք: Իսկ այսօր հանգստանում եմ ամբողջ օրն ու կարդում եմ տնից ընկերներիս, ընտանիքիս ուղարկած նամակներն ու շնորհավորանքները: Փոքր ինչ տխուր եմ, քանի որ կարոտում եմ որդուս… -Չորս ամյա կրտսեր Սեզարը, կարծես թե, նույնպես տարված է ֆուտբոլով, շարունակելու՞ է հայրիկի ճանապարհը: -Շատ հուսով եմ: Փոքր հասակից նա շատ է սիրում ֆուտբոլ: Ամեն անգամ, երբ հեռուստացույցով տեսնում էր ինձ, շատ էր ուրախանում, հիմա ասում է, որ ուզում է հայրիկի պես լինել: Հուսանք, այդպես կլինի: -Իսկ դու ինչպե՞ս ես կատարել առաջին քայլերդ ֆուտբոլում, կարո՞ղ ես ներկայացնել մի քանի բառով: -Երկար ճանապարհ եմ անցել և մի քանի բառով ներկայացնելը բարդ է: Ծնողներս ասում են, որ երբ դեռ չէի կարողանում քայլել, արդեն վազում էի գնդակի հետևից: Ֆուտբոլ խաղացել եմ ամբողջ կյանքս: 13 տարեկանից սկսեցի պրոֆեսիոնալ կարիերաս: Թողեցի տունս ու տեղափոխվեցի Մորելիա քաղաք՝ Մեքսիկայի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Մոնարկաս» ակումբ: 15 տարեկանում տեղափոխվեցի 2-րդ դիվիզիոնի «Տիգրես», ապա վերադարձա Միացյալ Նահանգներ: Խաղացել եմ ԱՄՆ Մ15, Մ17, Մ18, Մ20 հավաքականներում: Հանդես եմ եկել Գերմանիայում, ապա հրավիրվեցի «Չիվաս»՝ խաղալու ՄԼՍ-ում մեկ մրցաշրջան, ինչից հետո վերադարձա Մեքսիկա: Հիմա երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ ելույթ ունենալ «Փյունիկում»: -Հե՞շտ տրվեց Հայաստան տեղափոխվելու որոշումը, ի՞նչ գիտեիր մինչ այդ Հայաստանի մասին: -Գործակալս է ինձ այստեղ բերել: Ճիշտ է, մեծ փոփոխություն է, բայց, ինչպես ասեցի, երջանիկ եմ այս նոր հնարավորության համար՝ շարունակելու սիրածս գործը, աճելու որպես ֆուտբոլիստ ու կենդանի պահելու իմ երազանքը: Հայաստանի մասին շատ բան չգիտեի մինչ գալս, թեև հայ ընկերներ ունեմ Լոս Անջելեսում, ինչպես նաև նախկին ընկերուհուս հայրը հայ էր: Միայն այսքանը: -Կարո՞ղ ես ասել, որ արդեն հարմարվել ես թիմում: Կողքից, ամեն դեպքում, նման տպավորություն է ստեղծվում: -Այո, հավատացած եմ, որ այդպես է: Բոլորը հիանալի մարդիկ են, թիմակիցներս ու մարզիչները շատ ջերմ ընդունեցին ինձ հենց առաջին իսկ մարզումից: Մի փոքր դժվար է լեզվի հարցում, բայց դա հաղթահարելի է: Ես շատ հետևողական եմ ու ուշադիր ուսումնասիրում եմ կատարվող ամեն ինչ, բացի այդ միշտ պատրաստակամ տղաներ կան, ովքեր օգնում են ու թարգմանում, երբ կարիք կա: Այնպես որ խնդիր չկա: -Հասցրել ես երկու ընկերական խաղի մասնակցել «Փյունիկի» կազմում, որոնք, կարծում եմ, ինչ-որ չափով օգնել են պատկերացում կազմել հայկական ֆուտբոլի մասին: Կկիսվե՞ս տպավորություններով: -Կցանկանայի առայժմ շրջանցել այս հարցը: Միայն կասեմ, որ վստահ եմ՝ մեզ հիանալի մրցաշրջան է սպասվում: -Արդեն երկու շաբաթ է Երևանում ես, հասցրե՞լ ես շրջել քաղաքով: - Շատ չեմ զբոսնել: Մի քանի սրճարաններում եմ եղել, հանդիպել եմ լավ մարդկանց: Մեծամասամբ դուրս չեմ գալիս, քանի որ անասելի շոգ է… Հուսով եմ՝ շուտով քաղաքը ճանաչելու ավելի լավ հնարավորություն կունենամ:

Նմանատիպ նյութեր