211652_close_icon
views-count2133 դիտում article-date 13:48 30-06-2014

«Բազեի» մասնակիցների հավաքագրումը սկսված է. ֆոտոշարք

Օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում անցկացվելիք «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ջոկատների անդամների հավաքագրումը սկսված է։ ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող երեք ճակատներում կձևավորվի 45 ջոկատ՝ յուրաքանչյուրում 9 անդամ։ «Բազե» հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացնում է, որ մասնակիցների հավաքագրմամբ զբաղվում են համապատասխան ջոկատները ներկայացնող կառույցները։ Մասնավորապես, բուհերից ջոկատներ ներկայացնելու համար Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նամակներ է գրել ռեկտորներին, և բուհերի ուսանողական խորհուրդների միջոցով կընտրվեն այն սովորողները, ովքեր լավագույնս կմասնակցեն «Բազե» երիտասարդական հավաքին նախատեսվող սպորտային, մշակութային և ինտելեկտուալ մրցույթներին և առավելագույն միավորներ կապահովեն իրենց թիմերին։ Մարզային ջոկատները կձևավորվեն համապատասխան մարզպետարանի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոնների համատեղ ջանքերով։ Արցախը ներկայացնող երկու ջոկատները կկազմավորեն Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Արցախի պետական համալսարանը, սփյուռքահայերի ջոկատները՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը և այլն։ Հովհաննես Գաբրիելյանը հավաքին մասնակցել ցանկացող երիտասարդներին կոչ է անում դիմել բուհեր, մարզպետարաններ, հիմնադրամի մարզային կենտրոններ, որտեղ նրանց կծանոթացնեն մասնակցության պայմաններին։ «Բազեի» տնօրենը նշում է, որ ջոկատները 3 ճակատների կազմում ընդգրկվում են վիճակահանության սկզբունքով։ Ճակատների ղեկավարները գեղարվեստական և սպորտային ղեկավարների հետ մասնակցում են ջոկատների ընտրական մրցութային փուլերին՝ համատեղ ջանքերով ապահովելով ուժեղագույն մասնակիցների ընտրությունը։ Հիշեցնենք, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը կազմակերպում է Հայաստանի երիտասարդական հմնադրամը։ Հավաքին կարող են մասնակցել 18-30 տարեկան երիտասարդները։ 7 օրերի ընթացքում հավաքի մասնակիցներն ուժերը չափելու են մարզական, մշակութային և ինտելեկտուալ մրցույթներում, հանդիպումներ են ունենալու պետական, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչների հետ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր