211652_close_icon
views-count2488 դիտում article-date 17:52 29-06-2014

Նորաբաց ավտոմայրուղում ուժերը չափեցին Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի 14-րդ հուշամրցաշարի մասնակիցները. ֆոտոշարք

Իսակովի պողոտա - Լենինգրադյան փողոց նոր ավտոմայրուղում ուժերն են չափել Արցախյան ազատամարտի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, «Սասնա ծռեր» և «Սասունցի Դավիթ» ջոկատների հրամանատար, միջազգային կարգի սպորտի վարպետ Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի 14-րդ հուշամրցաշարի մասնակիցները: Մրցաշարը նախաձեռնվել է Սամվել Գևորգյանի որդի, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի, մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի և ՀՀ հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի համատեղ ուժերով: Հուշամրցաշարի կազմակերպիչներն ու սիրողական հեծանվորդները նախ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել Սամվել Գևորգյանի շիրիմին: Հուշամրցաշարը բացվել է սիրողական հեծանվորդների մրցարշավով, որը մեկնարկել է վերջերս շահագործման հանձնված Իսակովի պողոտա - Լենինգրադյան փողոց նոր ավտոմայրուղում: Հեծանվային մարզաձևի մասնագետների հավաստմամբ՝ նոր մայրուղին գերազանց պայմաններ է ապահովում նաև խճուղային հեծանվավազքի համար: Այնուհետև պրոֆեսիոնալ հեծանվորդները ծաղիկներ են խոնարհել Դավթաշեն վարչական շրջանի թիվ 189 դպրոցի բակում տեղադրված Սամվել Գևորգյանի կիսանդրուն: Դավթաշեն վարչական շրջանում էլ մեկնարկել է պրոֆեսիոնալ հեծանվորդների մրցարշավը: Առանձին հաշվարկով մրցանակային առաջին երեք տեղերը զբաղեցրած մարզիկները մրցաշարի կազմակերպիչների կողմից պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով ու մրցանակներով: Հուշամեդալներ ու խրախուսական մրցանակներ են ստացել նաև այլ մարզիկներ ու հյուրեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր