211652_close_icon
views-count9797 դիտում article-date 13:50 28-06-2014

Նոր մանրամասներ՝ գեներալ Մանվել Գրիգորյանի զարմիկի ուղղությամբ արձակված կրակոցներից. մեղավորները ներկայացել են և ներողություն խնդրել զարմիկից

[b]SHAMSHYAN.com[/b]-ին ուշագրավ փաստեր են հայտնի դարձել հունիսի 18-ին Էջմիածնում հնչած կրակոցների փաստի կապակցությամբ: Պարզվում է` խնդիրը հանգուցալուծվել է արդեն հունիսի 19-ին: ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի զարմիկի ուղղությամբ կրակոցներ արձակած երիտասարդները դեպքի հաջորդ իսկ օրը ներկայացել են և ներողություն խնդրել զարմիկից: Ներողությունն ընդունվել, և խնդիրը հարթվել է: Իսկ միջադեպի կապակցությամբ շրջանառվող լուրերը` թե կրակող կողմը կապ ունի քրեական հեղինակություն Պիպոյի հետ, իսկ գեներալ Մանվելի կողմնակիցները կրակողների հարազատներին են առևանգել և այլն, ըստ մեզ հասած տեղեկությունների, հորինում և տարածում է ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը` Մանվել Գրիգորյանի ազգականը, ում հենց ինքն էլ ժամնակին պատգամավոր է դարձրել: Շատերն են ասում, որ նա ոչնչի էլ չէր կարողանա հասած լինել, եթե տարբեր տեղերում և տարբեր առիթներով չշահարկեր Մանվել Գրիգորյանի զարմիկ լինելու փաստը: 4-5 տարի առաջ, երբ գեներալ հորեղբայրը զարմիկին սաստեց և արգելեց իր անունից այսուայնտեղ հանդես գալ, Հրանտ Գրիգորյանը նեղացածի կեցվածք ընդունեց և հիմա ամեն ինչ անում է, որ հնարավորին չափ վնասի հորեղբորը: Բացի դրանից, ինչպես պատմում են էջմիածնեցիները, Հրանտին թվում է, թե եթե կարողանա իրար դեմ հանել տարածքում ազդեցիկ բոլոր մարդկանց, ինքը կարող է պղտոր ջրում ձուկ որսալ: Ժողովուրդը, չնայած, վստահ է, որ եթե ոչ մի Պիպո ու ոչ մի գեներալ էլ Արմավիրի մարզում չլինի, միևնույն է, Հրանտը երբեք չի կարող իրենից լուրջ բան ներկայացնել: Ի դեպ՝ ուշագրավ պատմություններ են արշալույսցիները պատմում հատկապես Հրանտ Գրիգորյանի և նրա եղբայրների մասին: Այս տարվա փետրվարի 20-ին, օրինակ, Հրանտ Գրիգորյանն իր «Համեր» ավտոմեքենայով ընկել է առուն: Ինչ խոսք, մի քիչ Արշալույս գյուղի «անտեր» ճանապարհներն են մեղավոր, որ Հրանտի հարազատ եղբայր, գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հանցավոր անփութության պատճառով ամբողջությամբ դար ու փոս են: Այնուհանդերձ, համագյուղացիները պատմում են, որ Հրանտ Գրիգորյանը խմելու, հարբելու հետ սեր ունի, և հաճախ է հարբած վիճակում զվարճալի պատմությունների մեջ ընկնում: Մինչ կանցնենք նման դեպքերի թվարկմանը, նշենք, որ այս դեպքում պատգամավորի հետ «Համերի» մեջ եղել է նաև նրա մյուս հարազատ եղբայրը` բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Արթուր Գրիգորյանը` Ակոն: Եվ այսպես. Արշալույսի բնակիչները պատմում են, որ Պավլիկ Մորոզով մականունը վաստակած Հրանտ Գրիգորյանն ու իր գյուղապետ եղբայրը մի անգամ հարբած վիճակում ոստիկանությունում գանգատվել են, թե իբր Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն իր տան առաջ դարավանդ է կառուցել և խանգարում է գյուղի երթևեկությանը: Մինչ առավոտյան սթափվելով պատգամավորը կհասկանար, որ հարազատ եղբայր գյուղապետի վրա է տակառ գլորել, բանը բանից անցած է եղել: Պարզվել է, որ դարավանդը շատ հեռու է Կարեն Գրիգորյանի տնից, իսկ այդ դարավանդ կոչվածը ողջ գյուղի չխնամված ճանապարհներն են: Գյուղացիներն անգամ պատմում են, որ թաղումների ժամանակ մեծ դժվարություններ են ունենում, մինչև կարողանում են այդ ճանապարհ կոչվածներով ավտոմեքենաներ աշխատեցնել: Գյուղացիները պատմում են նաև, որ գյուղում ցանկացած ապօրինի շինություն միայն Մորոզով եղբայրներն են կառուցում: Հրանտ Գրիգորյանը մի շարք երթուղիններում միկրոավտոբուսային և ավտոբուսային փոխադրումներ է իրականացնում` Մասիս, Արտաշատ, Արմավիրի մարզ և այլն: Թվով 170-ից ավելի երթուղի: Նրանն են նաև Էջմիածին – Երևան ուղևորափոխադրումները: Թեպետ հիմա արդեն նա գծերի մեծ մասը վարձակալության է հանձնել և միայն փողերն է հավաքում, իսկ գծերն այլ անձինք են աշխատեցնում: Պատմում են, որ ժամանակին նա այս դաշտում իրեն խանի պես էր պահում` հարբում և ծեծում էր վարորդներին` ինչպես ավտոբուսների եւ միկրոավտոբուսների, այնպես էլ` տաքսիների: Երկար տարիներ այս երթուղին սպասարկող տաքսիստները Հրանտ Գրիգորյանին «նալոգներ» էին տալիս: Որ տաքսիստը համարձակվեր չմուծվել պատգամավորին, դաժան ծեծի էր ենթարկվում և դուրս շպրտվում գծից: Հիմա Հրանտ Գրիգորյանը շատ է նեղվել, որ Էջմիածնի քաղաքապետարանը կարգ ու կանոն է հաստատել` բոլոր տաքսիսիտներին աշխատելու հնարավորություն տալով: Քաղաքապետարանը հատուկ կայանման տեղ է հատկացրել տաքսիների համար, եւ բոլոր այն տաքսիստները, ովքեր կատարում են տարեկան վճարումները համայնքի բյուջեին ու արտոնագիր ստանում, հանգիստ զբաղվում են ուղևորափոխադրումներով: Արմավիրի մարզի գյուղացիները պատմում են, որ վերջերս էլ Մյասնիկյան գյուղում եզդիների գերեզմանատան պղծումը նույնպես Հրանտ Գրիգորյանի` հարբած վիճակում առյուծանալու հետևանք է եղել: Գերեզմանատեղին քանդել էր Հրանտ Գրիգորյանի մերձավոր ազգական և ընկեր Սերյոժա Գրիգորյանը` սեփական գինու գործարանի օժանդակ կառույց հիմնելու նպատակով: Ասում են` նման խորհուրդ ընկերոջը հարբած պատգամավորն է տվել: Իբրև վերջաբան նշենք, որ Արմավիրի մարզի բնակիչները հավաստիացնում են, որ Հրանտ Գրիգորյանի եւ նրա եղբայրների արկածներն անվերջանալի են: Բնակիչները մեզ հորդորում են հաճախ այցելել իրենց` և՛ հետաքրքիր պատմություններ լսել ու մի լավ զվարճանալ, և՛ դրա արդյունքում հանրությանը հետաքրքիր նյութեր մատուցել: Գուցե մի օր էլ ժամանակ գտնենք և այցելե՞նք:

Նմանատիպ նյութեր