211652_close_icon
views-count1933 դիտում article-date 16:20 27-06-2014

Հաշված րոպեների ընթացքում լուծվեց Գառնի-Երևան մայրուղային ջրատարից դեպի Նոր Խարբերդ ձգվող հատվածի ճնշման խնդիրը

Այսօր՝ հունիսի 27-ի առավոտյան ժամը 06.40-ին ՙԵրևան Ջուր՚ ՓԲԸ Կարգավարական ծառայությունում ահազանգ ստացվեց, որ Գառնի-Երևան մայրուղային ջրատարից դեպի Նոր Խարբերդ ձգվող հատվածում ընկել է ճնշումը՝ վտանգվում է այդ տարածքի ջրամատակարարման ժամանակացույցը: Անմիջապես կապ հաստատվեց ՙԱրին-Բերդ՚ օրվա կարգավորիչ ջրամբարում տեղակայված փականային հանգույցի օպերատորի հետ, որը վայրկյանում 10 լիտրով ավելացրեց տվյալ թաղամասին հատկացվող ջրաքանակը: Ընդամենը 5 րոպե, և խնդիրը լուծվեց, մինչդեռ նախկինում, ըստ ընկերության Կարգավարական խմբի ղեկավար Սարգիս Գրիգորյանի, նման դեպքերում ջրի անբավարարության մասին տեղեկանում էին միայն մի քանի ժամ անց՝ սպառողներից ստացվող բողոքների հիման վրա: Իրավիճակը հնարավոր դարձավ արմատապես բարելավել ՙԼոկատոր՚ կոչվող տվյալների հավաքագրման հեռատեղեկատվական ծրագրի միջոցով, որի ներդրմանը ընկերության Տեխնիկական տնօրինությունը ձեռնամուխ եղավ մոտ երեք տարի առաջ: Ներկայումս գրեթե բոլոր ջրատարների վրա, ջրաղբյուրներում, ջրամբարներում, պոմպակայաններում, ներքաղաքային ջրամատակարարման բաշխիչ ցանցի հանգուցային կետերում, այլուր տեղադրված շուրջ 200 մոդեմների միջոցով 5 րոպեն մեկ հաճախականությամբ Կարգավարական ծառայությունում ինքնաշխատ եղանակով գրանցվում է համակարգի ՙինքնազգացողության՚ մասին վկայող ողջ տեղեկատվությունը: Հերթապահ օպերատորը հնարավորություն ունի համակարգչի միջոցով առցանց հետևելու մայրուղային ջրատարներով դեպի Երևան մղվող ջրի շարժին, իրազեկ լինելու օրվա կարգավորիչ ջրամբարներ լցվող և այնտեղից դուրս հոսող ջրի քանակին, ՙտեսնելու՚ պոմպակայանների աշխատանքը, ՙչափելու՚ ջրի ճնշումը տարածքում և այլն: Հաստատված չափանիշներից անգամ ամենափոքր շեղումների դեպքում համակարգիչն «ահազանգում» է. տվյալների մուտքի դադարեցման դեպքում՝ ձայնային ազդանշանի հետ միասին, մոնիթորի վրայի գծապատկերի համապատասխան սյունյակը ՙվառվում՚ է կարմիր գույնով, իսկ ջրի չափաքանակների փոփոխության պարագայում՝ դեղին գույնով: Դա էլ հնարավորություն է տալիս անմիջապես գրանցել վթարներն ու ջրանջատումները կամ կանխատեսել դրանց հնարավորությունը, իսկ երբեմն՝ նույնիսկ խուսափել դրանցից: Ավելին, դեռ վերջերս ՙԼոկատորի՚ ցուցմունքները դիտում էին միայն համակարգչի մոնիտորի վրա: Իհարկե, ամեն ինչ երևում էր, բայց այնքան էլ հարմար չէր: Օպերատորը մշտապես պետք է ՙշրջեր էջերը՚՝ երկու տարբեր ձևաչափերով տրվող ցուցմունքներին հետևելու համար, ինչը լրացուցիչ լարվածություն էր առաջացնում: Բայց ահա Կարգավարական ծառայության աշխատասենյակի պատին տեղադրեցին երկու մեծ էկրան, որոնց վրա ՙողջ հասակով մեկ՚ արտացոլվում է ստացվող տեղեկատվությունը: Դրա շնորհիվ աշխատանքը դարձավ ավելի դյուրին ու արդյունավետ: Օպերատորը կարող է առանց համակարգչով կատարվող առօրյա գործից կտրվելու, ՙաչքի պոչով՚ հետևել էկրանների ցուցմունքներին: Ըստ Ռազմավարության և մոնիթորինգի վարչության պետ Վահրամ Մաճկալյանի՝ ներկայումս փորձ է արվում ՙԼոկատորն՚ օգտագործել ջրագողությունները և ջրակորուստները կանխելու նպատակով: Ծրագիրը նաև ՙհիշողություն՚ ունի, ինչը շատ կարևոր է՝ նախկին և ներկայիս տվյալների համեմատության միջոցով ճիշտ որոշում կայացնելու համար: Դրանից բացի, ՙԼոկատորի՚ միջոցով կարելի է շրջանառել համակարգի ողջ էլեկտրոնային փոստը, տեղեկանալ խնդիրների մասին, վերահսկել կարգադրությունները, հետևել աշխատանքներին և այդ կերպ բարձրացնել դրանց արդյունավետությունը: Ընդ որում, տվյալ՝ հեռատեղեկատվական ծրագրի կիրառումը առաջին փուլն է ընկերությունում կառավարման ժամանակակից համակարգ կերտելու ճանապարհին: Երկրորդ փուլը վեջինիս տրամաբանական շարունակականությունն է, որը ենթադրում է ստացված տվյալների հիման վրա անցնել հեռակառավարման: Այս ուղղությամբ աշխատանքը նախատեսվում է սկսել արդեն տեսանելի ապագայում՝ SKADA ծրագրի միջոցով: Այն բավականին մեծածավալ է և ծախսատար: Սակայն դա է մեր ապագան. Երևանը պե՜տք է ունենա մայրաքաղաքին հարիր ջրամատակարարման համակարգ, ունա՜կ բավարարելու սպառողների կարիքները: ՙԵրևան Ջուր՚ ՓԲԸ, Հանրային կապերի ծառայություն

Նմանատիպ նյութեր