Վերջին 10 օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է մեկնել 5 պաշտոնական պատվիրակություն․ Ժողովուրդ
«ժողովուրդ» թերթը գրում է․ «Վերջին 10 օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է մեկնել 5 պաշտոնական պատվիրակություն, որոնք բոլորն էլ անխտիր հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
Այսպես, հունիսի 13-ին Ստեփանակերտում է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, 14-ին՝ ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատգամավորների պատվիրակությունը, 20-ին՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ դատախազության ողջ ղեկավար անձնակազմը, 24-ին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ մի շարք նախարարների հետ, իսկ երեկ էլ՝ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Հայրենի պաշտոնյաների կողմից Արցախի նկատմամբ նման ուշադրությունն ու հաճախակի այցերը, թերևս, պատահական չեն:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրները, Ստեփանակերտ մեկնող պատվիրակությունների և ԼՂՀ իշխանությունների քննարկումներն առնչվում են Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցության դեպքում ծագած խնդիրներին՝ մասնավորապես ԼՂՀ-ի կարգավիճակին, ինչպես նաև սահմանին դրվելիք մաքսակետի խնդրի լուծման հնարավոր տարբերակներին: Դրա համար էլ յուրաքանչյուր գերատեսչություն փորձում է հասկանալ իր բաժին անելիքը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։