1186 դիտում
19:59 21-06-2014
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հավաքը հայտարարություն է տարածել
ունիսի 15-21-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հավաքը, ավարտելով իր աշխատանքը, հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է.
«Մենք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններս, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 15-21-ը հավաքվեցինք միաբանական ժողովի համայն հայության հոգևոր կենտրոնում` աղոթական և եղբայրական սիրո մթնոլորտում: Միասնաբար աղոթեցինք մեր Հայրենիքի և առաքելահիմն Սուրբ Եկեղեցու անսասանության ու պայծառության, մեր հավատավոր ժողովրդի բարօրության և բարգավաճման համար` հայցելով ամենակարող Աստծո օգնականությունն ու օրհնությունը:
Ժողովական այս օրերին, խորհրդածության նյութ ունենալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, նաև այցելեցինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարության հույսով և հավատով աղոթելով անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Հոգևոր մխիթարությամբ արձանագրեցինք, որ 2013 թ. Սուրբ Էջմիածնում գումարված Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը որոշել է սրբադասել Մեծ Եղեռնի բյուրավոր նահատակներին:
Իջման Ս. Սեղանի առջև նորոգեցինք մեր միաբանական ուխտը` առավել նախանձախնդրությամբ և հավատով իրականացնելու մեր առաքելությունն աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում:
Գոհունակությամբ ենք փաստում հոգևոր-եկեղեցական կյանքում վերջին շրջանում արձանագրված հաջողություններն ու ձեռքբերումները և Եկեղեցու գործուն ներգրավվածությունը մեր հասարակական կյանքի զանազան բնագավառներում: Մենք նաև քաջ գիտակից ենք, որ հայ հանրության առջև ծառացած բարոյական և ընկերային մարտահրավերները դիմագրավելու, ինչպես նաև հոգևոր-եկեղեցական կյանքում տեղ գտնող սայթաքումները շտկելու համար Հայ Եկեղեցու սպասավորներից պահանջվում է առավել ջանք ու եռանդ, աստվածսիրության և հայրենանվիրումի անկոտրում ոգի:
Այս առումով մենք ողջունում ենք անաչառ և կառուցողական քննադատությունը, սակայն, ցավոք, հաճախ նաև հնչում են անհիմն մեղադրանքներ, տեսանելի է ուղղորդված հակաեկեղեցական քարոզչություն Հայ Եկեղեցու և միաբանության հասցեին: Հորդորում ենք մեր ժողովրդին` տուրք չտալ շինծու այդ գնահատականներին և շարունակել գործուն և հանձնառու մասնակցություն բերել եկեղեցական կյանքից ներս` ի փառս Աստծո և ի նպաստ Մայր Եկեղեցու զորացման ու շենացման: Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը եղբայրական սիրո ու նախանձախնդիր ծառայության ուխտի մեջ պիտի շարունակի իր առաքելությունը` ավետարանական լույս պատվիրանների սերմանմամբ կանխելու անցանկալի երևույթները ազգային-եկեղեցական կյանքում:
Հայ Եկեղեցին իր պատմական փորձառությամբ, ամբարած իմաստությամբ և ստեղծած մշտամնա արժեքներով ազգային կյանքում եղել է և այսօր էլ մնում է հայ մարդու ինքնության պահպանության և քրիստոնեական արժեհամակարգի կենսագործման հիմնական երաշխավորը:
Մենք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններս, գիտակից մեր կոչմանն ու առաքելությանը, միասնական ոգով ու կամքով վերահաստատում ենք մեր անվերապահ հավատարմությունը և անմնացորդ սերը Սրբություն Սրբոց աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգիս հոգևոր հոր` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ»:
Նմանատիպ նյութեր
1467 դիտում
21:21 16-06-2014
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների համագումարի մասնակիցներին
2164 դիտում
16:36 09-01-2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ
1947 դիտում
20:42 24-01-2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ
Այս բաժնից
559 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը