Երևանում «Պուտին» ակումբների նախագահը կեղծել է իր Mercedes-ի համարանիշը՝ այն դարձնելով դիվանագիտական. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օրեր առաջ Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից ՃՈ հատուկ տարածք էր տեղափոխվել Mercedes մակնիշի 04 T 002 AM համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված ավտոմեքենայի վրայի համարանիշը եղել է կեղծված, ինչի համար օրինախախտ վարորդը տուգանվել է խոշոր չափի գումարով:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ավտոմեքենան վարել է Արարատի մարզի Մխչան գյուղի բնակիչ Էդիկ Մարտիրոսյանը, և երբ ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք, մեքենայի մեջ է եղել ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ, մի քանի քիչ հայտնի լրատվամիջոցների սեփականատեր, «Ռուսական գրքի տուն» ցանցի հիմնադիր Անդրանիկ Նիկողոսյանը:
Կան տեղեկություններ, որ առանց նրա գիտության վարորդը չէր համարձակվի Mercedes-ի վրայից հանել օրինական՝ 001 PO 10 համարանիշը և փոխարենը տեղադրել կեղծ համարանիշներ, ինչի համար էլ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 14 կետով /առանց հաշվառման համարանիշի կեղծված կամ փոխարինված համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը/ վարչական պատասխանատվության է ենթարկվել:
Ի դեպ, Հայաստան ժամանած տխրահռչակ Կիսելյովը Ազգային Ժողով էր ժամանել Hummer-ով, ու եթե ճանապարհային ոստիկաններն օպերատիվորեն օրինախախտին չհայտնաբերեին, ապա Կիսելյովն ԱԺ էր ժամանելու այն Mercedes-ով, որի վրա փակցվել էին ՌԴ դեսպանատան կեղծ համարանիշները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի