Գագիկ Բեգլարյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքների արագ կազմակերպումը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ ներկայացուցիչներին՝ Կենտրոնական և Միջին Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Քլաուս Գերհաուզերի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում ԱԶԲ-ի ներկայացուցիչները Գագիկ Բեգլարյանին ներկայացրին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ներկայիս իրավիճակի իրենց գնահատականը, առաջացած տեխնիկական խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները, հստակեցրին ապագա աշխատանքների ծրագրերը:
Գագիկ Բեգլարյանը կարևորեց Տրանշ 3-ի փաստաթղթային և տեխնիկական աշխատանքների արագ կազմակերպումը:
«Մեզ անհրաժեշտ է ԱԶԲ-ի համագործակցությունը՝ խորհրդատվական և փաստաթղթային աշխատանքներն արագ կազմակերպելու և Երրորդ տրանշի մրցույթ հայտարարելու համար: Անչափ կարևոր է գործընթացի ճիշտ կազմակերպումը: Անհրաժեշտ է գործադրվող բոլոր ջանքերը կրկնապատկել, լինել հետևողական՝ նախկինում առաջացած խնդիրները Երրորդ և Չորրորդ տրանշերում բացառելու համար»,-ասաց նախարարը:
Քլաուս Գերհաուզերը խնդրեց նախարարության աջակցությունը՝ կապված հողերի օտարման գործընթացի արագացման հետ։ Նա նշեց, որ այդ խնդիրը խոչընդոտներ կարող է առաջացնել Երրորդ տրանշի շինարարության մեկնարկի համար:
Նախարարն ընդգծեց, որ հողերի օտարման գործընթացում, անշուշտ, կան դժվարություններ, քանի որ գործ ունեն բնակիչների հետ, սակայն վստահեցրեց, որ նախարարությունն ամեն ինչ կանի այդ աշխատանքները հնարավորինս արագացնելու համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն