Ադրբեջանը «պահանջել է» հեռացնել Հայաստանի պատվիրակությանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովից
Ադրբեջանում ընթացող «Rose-Roth»՝ «Հարավային Կովկաս. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով 86-րդ սեմինարի ժամանակ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Զիավաթ Ասկերովը պահանջել է հեռացնել Հայաստանի պատվիրակությանը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովից:
Ինչպես փոխանցում է ադրբեջանական apa գործակալությունը, վերջինս իր պահանջը «հիմնավորել է» նրանով, որ «Հայաստանն Ադրբեջանում ահաբեկչություններ է իրականացրել» և անընդունելի է համարել Հայաստանի նման «ահաբեկիչ» պետության հետ ՆԱՏՕ-ի համագործակցությունը:
«ՆԱՏՕ-ն դադարեցրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները և 2 տարով զրկել նրան ՆԱՏՕ-ի ԽՎ-ում քվեարկության իրավունքից: Այդ դեպքում ինչու՞ Հայաստանը ևս չի հեռացվում այս կառույցից: Մենք պահանջում ենք ՆԱՏՕ ԽՎ-ից պարզաբանում մտցնել այս հարցում»,-ասել է Ասկերովը: