211652_close_icon
views-count3404 դիտում article-date 09:51 17-06-2014

Երթևեկության կանոնների մի քանի խախտումների համար տուգանքները կնվազեն. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում է երթևեկության կանոնների մի քանի խախտումների համար նախատեսված տուգանքների փոփոխության հարցը: Այդ տուգանքների չափը սահմանված է ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով: Ամենաէական փոփոխությունը վերաբերվում է սահմանված արագության գերազանցման համար նախատեսված տուգանքին: Գործող կարգով, սահմանված արագությունը 1-10 կմ/ժամով գերազանցելու դեպքում նախատեսված է 10 հազար դրամի տուգանք: Ներկայացված նախագծով առաջարկվում է գերազանցած յուրաքանչյուր կմ/ժամի համար վարորդին տուգանքել հազարական դրամով: Այսինքն՝ եթե սահմանված արագությունը գերազանցել է 1 կմ/ժամով, տուգանքը պետք է լինի 1000 դրամ, եթե երկու կմ/ժամով, ապա՝ 2000 դրամ, և այսպես շարունակ: Հաջորդ էական փոփոխությունը վերաբերում է սահմանված ժամկետում տուգանքը չվճարելու համար նախատեսված պատժամիջոցին: Ներկայումս, գործող կարգի համաձայն, տուգանքի վճարումը 30 օր չկատարելու դեպքում այն եռապատկվում է, իսկ 60 օր հետո՝ հնգապատկվում: Առաջարկվող նախագծով եռապատկման փոխարեն տուգանքը պետք է ավելանա 25 տոկոսով, իսկ հնգապատկման փոխարեն՝ 50 տոկոսով: Փոխարենը խստացվում են որոշ խախտումների համար նախատեսված տուգանքները, օրինակ՝ ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի՝ ղեկին ծխելու դեպքում տուգանքը կավելանա։ Հավանության արժանանալու դեպքում տուգանքների փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այս տարվա սեպտեմբերից»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր