211652_close_icon
views-count1101 դիտում article-date 22:55 14-06-2014

Կապանում կիրականացվի հերթական բնապահպանական ծրագիրը

Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում հունիսի 13-ին կազմակերպվել էր «Կապան քաղաքի շրջական միջավայրի եւ բնակչության առողջության պահպանման» բնապահպանական ծրագրի նախագծային փաթեթի հանրային լսումներ, որին հրավիրված էին հկ ներկայացուցիչներ, բնապահպաններ: Իրականացվելիք ծրագրի նպատակը շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելումն է: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 28 մլն 150 հազ. դրամ է, բաղկացած է բնապահպանական` 21 մլն 705 հազ. դրամ արժողության եւ առողջապահական` 6 մլն 445 հազ. դրամ արժողության բաժիններից: «Մինչ նախագծային աշխատանքներին անցնելը, համայնքում կատարվել են ուսումնասիրություններ եւ պարզել, թե ինչ կարող ենք անել այս ծրագրի շրջանակներում», - իր ելույթում ասաց քաղաքապետարանի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանը: Որոշվել է ծրագրի շրջանակներում շարունակել քաղաքի կենտրոնական հատվածի մայթերի նորոգման, մայթեզրերին ծառատնկման ու կանաչապատման աշխատանքները, որոն քմեկնարկել են անցած տարվանից: Բնապահպանության մասով նախատեսվել է նաեւ մակերեւութային ջրերի եւ էկոհամակարգի պահպանություն, քաղաքի միջով հոսող Ողջի գետի հունի մաքրում, մթնոլորտային օդի պահպանություն: Իսկ առողջապահության մասով նախատեսվում է աջակցել Կապանի համայնքի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների բուժկետերին` ձեռք բերել բուժգործիքներ, գույք եւ դեղորայք: Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի խոսքով նախատեսվում է շարունակել Ա.Մանուկյան փողոցի ափամերձ մայթի նորոգումը` մոտ 140 գծամետր հատվածով: «Այս ծրագրի արժեքն ավելի քան 15 մլն դրամ է: Այդ նպատակով այս տարվա համար որպես բնապահպանական վճար պետբյուջեից կտրամադրվի 7 մլն 300 հազ. դրամ, եւս 8 մլն դրամի չափով կներդնի քաղաքապետարանը», - ասաց քաղաքապետը: Հանրային լսման մասնակիցները դրական գնահատական տվեցին ծրագրի նախագծային փաթեթին: Աշոտ Հայրապետյանի խոսքով` ծրագրի իրականացումը թույլ կտա ապահովել 2014թ. իրականացված բնապահպանական միջոցառման շարունակականությունը, կնպաստի համայնքի բնակչության համար առողջ կենսամիջավայր ստեղծմանը:

Նմանատիպ նյութեր