ԱԻՆ աշխատակիցները` մարզական փառատոնում. ֆոտոշարք
Հունիսի 10-12-ը Հայաստանի ազգային պարաօլիմպիկ կոմիտեն կազմակերպում է հաշմանդամների հանրապետական մարզական 12-րդ փառատոնը: Մրցումներն անցկացվում են Հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում:
Մարզական փառատոնին մասնակցում է ՀՀ տարբեր մարզերից ու մայրաքաղաքից ժամանած, ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով 110 մարզիկ, որոնց թվում են նաև ՀՀ ԱԻ նախարարության 5 աշխատակից: Փառատոնում ընդգրկված են բասկետբոլ, բազկամարտ, լող, սեղանի թենիս, ծանրամարտ և շախմատ մարզաձևերը:
Բացման հանդիսավոր արարողությանը «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության և Հայաստանի ազգային պարաօլիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը նշեց, որ մարզական փառատոնի մասնակիցների թիվը տարեց տարի ավելանում է, ինչը վկայում է հասարակական կյանքում նրանց առավել մեծ ընդգրկվածության մասին:
Հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մնացականյանն ասաց, որ կենտրոնի կոլեկտիվը հպարտ է ու միշտ պատրաստակամ հյուընկալելու այս փառատոնը:
ՀՀ ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը փառատոնի մասնակիցներին փոխանցեց ԱԻ նախարարի ողջույնի խոսքը` ընդգծելով այն փաստը, որ ԱԻ նախարարությունը միակ պետական կառույցն է, որտեղ աշխատում են սայլակավոր հաշմանդամներ, որոնք հանդիսանում են նախարարության մեծ ընտանիքի լիարժեք անդամներ:
Հաշմանդամների «Փարոս» երգչախմբի կենդանի կատարմամբ հնչեց ՀՀ օրհներգը և կազմակերպիչներն ազդարարեցին մրցումների մեկնարկը:
Մարզական փառատոնի կազմակերպմանն աջակցել են նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական ու բարեգործական կազմակերպություններն ու «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը: