211652_close_icon
views-count1124 դիտում article-date 15:52 10-06-2014

Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

Հունիսի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չիկահիտո Հարադային: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ԱԺ գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը: ԱԺ նախագահը կարեւորեց Ճապոնիայի հետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը՝ անհրաժեշտ համարելով քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության ակտիվացումը եւ ընդլայնումը: Գալուստ Սահակյանի խոսքով` Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ հայ-ճապոնական համագործակցության հետագա զարգացման գործում մեծ նշանակություն ունեցան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ճապոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումները եւ ձեռքբերված պայմանավորվածությունները: Երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը զարգացնելու գործում ԱԺ նախագահը կարեւոր դեր վերապահելով խորհրդարանական համագործակցությանը` ընդգծեց խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը: ԱԺ նախագահը կարեւորեց 2015թ. Երեւանում դեսպանատուն բացելու Ճապոնիայի կառավարության որոշումը՝ նշելով, որ այն կխթանի երկկողմ հարաբերությունների հետագա խորացումը: Նա ողջունեց Հայաստանում «Խաղաղության հուշաքարի» տեղադրման գաղափարը, որի բացման արարողությունը նախատեսվում է անցկացնել հունիսի 25-ին: Շնորհավորելով Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ դեսպանը նշեց, որ Ճապոնիան կարեւորում է Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը, ինչին կնպաստի նաեւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը: Երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում նա նույնպես բարձր գնահատեց Նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը Ճապոնիա: Երկուստեք կարեւորվեց Հայաստանի եւ Ճապոնիայի արդյունավետ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: ԱԺ նախագահը բարձր գնահատեց Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր