211652_close_icon
views-count2678 դիտում article-date 13:20 09-06-2014

Սերժ Սարգսյանը Եղիսաբեթ II Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն

Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և Նորին Գերազանցություն Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնին: Նախագահը տոնի առթիվ բարեմաղթանքներ է հղել Թագուհուն, արքայական ընտանիքին ու բրիտանացի ժողովրդին և վստահություն հայտնել, որ բնականոն կերպով զարգացող հայ-բրիտանական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և խորանալ՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության: Վարչապետ Դեյվիդ Քեմերոնին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նպաստել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առկա բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը՝ նոր հեռանկարներ ստեղծելով փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Հանրապետության Նախագահն իր շնորհավորական ուղերձում բարգավաճում և շարունակական առաջընթաց է մաղթել Միացյալ Թագավորությանը: Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի ազգային տոնի կապակցությամբ այսօր այցելել է նաև Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն, տոնի կապակցությամբ շնորհավորել դեսպան Քեթրին Ջեյն Լիչին, դեսպանատան աշխատակիցներին: Նախագահը բարեմաղթանքներ է հղել ամբողջ անձնակազմին, հաջողություններ մաղթել նրանց՝ հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման և զարգացման ամենօրյա գործունեության մեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր