211652_close_icon
views-count1397 դիտում article-date 16:00 06-06-2014

Արձանագրվել է սնկային թունավորման 7 դեպք. տուժածներից 3-ը երեխաներ են

Հանրապետությունում 2014թ. արձանագրվել է սնկի օգտագործման հետևանքով առաջացած թունավորման 7 դեպք` 9 տուժածով, որոնցից 3-ը՝ մինչև 14 տարեկան երեխա: Թունավորումներն առաջացել են Արագածոտնի, Լոռու, Արարատի, Կոտայքի, Արմավիրի մարզերում` թունավորվածների կողմից հավաքված սնկի սննդում օգտագործման հետևանքով: Թունավորման նախնական ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգարումները՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում, և գլխապտույտ: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: Թունավորումից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում. • Չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ: • Չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի: • Սննդում չօգտագործել հում սունկ։ • Սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում: • Չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի։ • Հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել: • Ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:

Նմանատիպ նյութեր