211652_close_icon
views-count923 դիտում article-date 15:02 06-06-2014

Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարանում տեղակայված քննական կենտրոն, որտեղ կազմակերպվել էր «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը: Նախարարը շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, ինչպես նաև հանդիպել ծնողներին և պատասխանել նրանց հուզող հարցերին: Շրջայցից հետո նախարարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են շտեմարանների բովանդակությանը, կրկնուսույցների խնդրին, բուհերի վարձավճարներին, հաշմանդամություն ունեցող դիմորդներին և նպատակային ընդունելությանը: Անդրադառնալով շտեմարանների խնդրին` Ա. Աշոտյանը նշել է, որ ընդունելության նախապատրաստական փուլում շատ քիչ դժգոհություններ են եղել` շտեմարաններում հնարավոր վրիպակների մասով. «Կարող ենք փաստել, որ վերջին տարիներին շտեմարանների բովանդակությունը լուրջ անհանգստություն չի հարուցում դիմորդների շրջանում, որովհետև քննական թեստերում համարյա բացակայում են երկիմաստ հարցադրումներով հարցերը: Եվ, առհասարակ, վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ ընդունելության քննությունները «սեզոնային տենդից» փոխակերպվել են ընթացիկ բնականոն իրավիճակների, որի նկատմամբ հանրային ուշադրությունը, իհարկե, առկա է, բայց այն չի կրում ծայրահեղ բնույթ: Վստահաբար կարելի է ասել, որ մեր իրականացրած կրթական բարեփոխումներից ընդունելության քննություններն ամենաակնառուն են: Թեստային համակարգը, իր բոլոր թերություններով հանդերձ, ունի շատ առավելություններ. այստեղ նվազագույնի է հասցված մարդկային գործոնը և դրա հետ կապված` կոռուպցիոն ռիսկերը: Որպես բարեփոխումների շարունակություն` գուցե կարելի է մտածել թեստերի որակը բարձացնելու մասին»,-նշել է նախարարը` հավաստիացնելով, որ եթե թեստերում լինեն բովանդակային վիճահարույց հարցեր, դրանք կանցեն մասնագիտական լուրջ քննարկումներ և որոշում կկայացվի` հօգուտ դիմորդի: Նախարարը ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ հունվարի 1-ից կգործի ուսանողների վարձավճարներին ուղղված աննախադեպ փաթեթը, որը լավ սովորող, սակայն անվճարունակ ուսանողների համար կբացի նոր հնարավորություններ:

Նմանատիպ նյութեր