1501 դիտում
18:36 30-05-2014
ԵՊՀ ներկայացուցիչները հյուրընկալվել էին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում
Մայիսի 30-ին ԵՊՀ հրատարակչությունը Մայր բուհի 95-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հերթական նվիրատվությունն արեց: Այս անգամ ԵՊՀ ներկայացուցիչները հյուրընկալվել էին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, որը համալրվեց ԵՊՀ հրատարակչության և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության աջակցությամբ տպագրված ավելի քան 300 կտոր գրականությամբ:
ԵՊՀ պատվիրակության կազմում էին Ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, ՈՒԳԸ նախագահ Միքայել Մալխասյանը, այլ համալսարանականներ: Միջոցառմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության ներկայացուցիչները:
Միջոցառումը մեկնարկեց Մայր բուհի մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ, ինչից հետո գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը շնորհակալություն հայտնեց համալսարանականներին նմանօրինակ արժեքավոր գրքերի նվիրատվության կապակցությամբ, խոսեց գրադարանի և ԵՊՀ-ի միջև տասնյակ տարիներ գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններից և արդեն իսկ իրականացրած միջոցառումներից: «Համալսարանը գրադարանի լավագույն բարեկամների շարքում է, և մենք հպարտ ենք, որ հաղորդակից ենք դարձել Մայր բուհի հոբելյանական միջոցառումներին: Օրինակելի և հրաշալի նախաձեռնության համար անչափ շնորհակալ ենք»,- նշեց Հասմիկ Կարապետյանը և գրադարանի ղեկավարության ու այցելուների անունից ընթերցեց Մայր բուհին ուղղված շնորհավորական ուղերձը:
Այնուհետև միջոցառման մասնակիցները հոտընկայս ունկնդրեցին Մայր բուհի օրհներգը, ինչից հետո բացման խոսքով հանդես եկավ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ով որոշ մանրամասներ ներկայացրեց ԵՊՀ հրատարակչության կողմից իրականացվող նվիրատվությունների շրջանակներում կատարված Մայր բուհի պատվիրակության այցելություններից: «Քանի որ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը Երևանի ամենահին գրադարաններից մեկն է, ուստի Մայր բուհի և, այսպես ասած, մայր գրադարանի համագործակցությունը բավականին հատկանշական է: Վստահ եմ, որ մեր շատ ուսանողներ ուսումնառության ընթացքում հաճախ են օգտվում կենտրոնական գրադարանից, հետևաբար մենք մեր հոգու պարտքն ենք համարում հնարավորինս աջակցել գրադարանի գրքային ֆոնդի հարստացման գործընթացին»,- ասաց Ռուբեն Մարկոսյանը:
ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանն էլ ներկայացրեց նախաձեռնության նպատակը, հրատարակչության գործունեությունն ու հետագա ծրագրերը՝ շեշտելով, որ բուհի և գրադարանի համագործակցությունն անպայման շարունակական է լինելու: «Այսօր գրադարանի այցելուներին ենք ներկայացնում նախորդ տարիներին լույս ընծայած բավականին արժեքավոր գրքեր, որոնց կազմում են նաև հիմնարար մի շարք աշխատություններ՝ բառարաններ, Մ. Աբեղյանի և Հ. Աճառյանի հատորյակները և այլն: Պետք է նշեմ, որ նմանաբնույթ միջոցառումներ հաճախ են կազմակերպվելու, մասնավորապես յուրաքանչյուր տարի ԵՊՀ հրատարակչությունը գրքեր է նվիրաբերելու գրադարանին»,- հավելեց Կարեն Գրիգորյանը և բոլորին հրավիրեց մասնակցելու հոբելյանական միջոցառումների շրջանակներում առաջիկայում կազմակերպվելիք գրքերի ցուցահանդես-տոնավաճառին, որտեղ ներկայացված կլինեն ոչ միայն ԵՊՀ-ի, այլև այլ հրատարակչությունների տպագրած գրքերը:
Հավելենք, որ 120 անուն գրքերի օրինակները ցուցադրված էին գրադարանի միջոցառումների դահլիճում, ինչն այցելուներին ու ընթերցողներին հնարավորություն էր տալիս ծանոթանալու համալրված գրականությանը:
Վերջում գրադարանի մեկ այլ բարեկամ բուհի՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաները միջոցառումը համեմեցին մշակութային մի շարք համարներով:
Նմանատիպ նյութեր
4111 դիտում
15:20 10-03-2014
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում բացվել է «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժին
Այս բաժնից
1000 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
979 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
913 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր