211652_close_icon
views-count1184 դիտում article-date 13:08 29-05-2014

Կառավարության որոշմամբ դրամական օգնության փոխարեն այսուհետ կհատկացվի պարգևավճար

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք միտված են զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության տրամադրումը համապատասխանեցնել 2013թ. դեկտեմբերին ընդունված ՀՀ երկու օրենքի պահանջներին: Որոշման մեջ կիրառվող «դրամական օգնության» բառերը փոխարինվել են «ամենամսյա պարգևավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի» բառերով: Նիստում որոշվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը վերանվանել նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության: Կառավարությունը որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության ավագ, միջին, կրտսեր սպայական և ենթասպայական անձնակազմին և ՀՀ ԿԱ ոստիկանության գլխավոր, ավագ և միջին սպայական անձնակազմին՝ կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով տրամադրվող սպառողական վարկի համար մշակված հատուկ վարկային ծրագրով տրամադրված վարկի տոկոսագումարները երկու կամ երեք տոկոսային կետով համաֆինանսավորելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացնել ավելի քան 10 մլն դրամ: Նիստում ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է քաղաքացիական ծառայողներին բնակարաններով ապահովելու համար «Միկշին» ՍՊԸ կողմից կառուցապատման իրականացման նպատակով ընկերությանը ՀՀ 2014թ. պետբյուջեից 2014թ. առաջին կիսամյակում տրամադրել 800 մլն դրամ բյուջետային վարկ՝ մինչև 2014թ. դեկտեմբերի 1-ը մարման ժամկետով, տարեկան 7 տոկոս տոկոսադրույքով՝ որպես վարկի ապահովություն նախատեսելով ընկերության սեփականությունը հանդիսացող կառուցվող շենքի հողամասի և անավարտ շինարարության առաջնային գրավը: Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք հնարավորություն կտան բուհերի դիմորդների փաստաթղթերն ընդունել նաև նույնականացման քարտով, մինչև օգոստոսի 1-ը զորացրման ենթակա զինծառայողներին լիազորված անձի միջոցով դիմում-հայտ ներկայացնել և մասնակցել ընդունելության մրցույթին: Գործադիրը հավանություն է տվել Վարակիչ հիվանդություն փոխանցողների դեմ պայքարի ծրագրին և դրա 2014-2018թթ. միջոցառումների ժամանակացույցին: Փաստաթղթի ընդունումն իրականացվում է Հայաստանում միջազգային առողջապահական կանոնների ներդրման շրջանակում և նպատակ ունի կանոնակարգել տարափոխիկ հիվանդություն փոխանցողների դեմ պայքարը, այդ թվում՝ ՀՀ տարածք թափանցելու սահմանափակման միջոցով: Կառավարության որոշմամբ Երևանի Իսահակյան 28 շենքի երրորդ շինության առաջին հարկից 45.7 քառ. մետր մակերեսով տարածքը անհատույց օգտագործման իրավունքով հինգ տարի ժամկետով հանձնվել է «Գրահրատարակիչների ազգային միություն» իրավաբանական անձանց միությանը: «Պատանի երկրապահ» ակումբի մարտավարական, կրակային և շարային գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացվել է 60 մլն դրամ:

Նմանատիպ նյութեր