ԱԻ նախարարն ընդունել է Իտալիայի դեսպանին
Մայիսի 27-ին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին: Սա դեսպանի առաջին պաշտոնական այցն էր ԱԻ նախարարություն, որի նպատակն էր ավելի լավ ծանոթանալ նախարարության գործունեությանն ու առաքելությանը և դիտարկել համագործակցության հնարավոր ուղղությունները:
ԱԻ նախարարը ողջունելով Ջովաննի Ռիչուլիին` շնորհավորեց պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ու համառոտ ներկայացրեց նախարարության ստեղծման պատմությունը, կառուցվածքը և հիմնական գործառույթները:
- Դեռևս 2008 թ. Իտալիայի քաղպաշտպանության ծառայության հետ Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, սակայն ինչ-ինչ պատճառներով աշխույժ համագործակցություն չի ծավալվել,- ասաց նախարարը,- հուսով եմ, որ Ձեր այցից հետո մենք ավելի շատ առաջ կգնանք:
Դեսպան Ռիչուլին նշեց, որ ուրախ է այս հանդիպման համար, քանի որ ԱԻ նախարարությունը շատ կարևոր կառույց է երկրի համար.
- Վստահեցնում եմ, որ ես անձամբ և դեսպանատունը կանեն ամեն հնարավորը` փոխգործակցությունը զարգացնելու համար: Կուզենայի, որ հստակեցնեինք մեր համագործակցության ոլորտները, որպեսզի տեսնենք, թե ինչ ուղղություններով կարող ենք միասին աշխատել:
Հանդիպան ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց ԱԻ նախարարությունոմ ստեղծել փոքր աշխատանքային խումբ, որն Իտալիայի դեսպանատան ներկայացուցչի հետ կքննարկի համագործակցության հնարավոր բնագավառները և կներկայացնի առաջարկ հետագա քայլերի վերաբերյալ:
Դեսպան Ռիչուլին շրջեց նախարարության շենքում` ծանոթանալով աշխատանքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը, ինչպես նաև եղավ ճգնաժամային կառավարման կենտրոնում: