1062 դիտում
10:35 23-05-2014
Կապանցի երիտասարդները փորձում են կոտրել ծխելու վերաբերյալ կարծրատիպերը
Սյունիքի մարզի Կապան քաղաքում անցկացվում է «Առողջ կենսակերպը՝ առողջ երիտասարդության գրավական» խորագրով ծրագիրը: Այն իրականացնում է «Երիտասարդական գիտամշակութային» ՀԿ-ն` ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ» անվանակարգում:
Ծրագրի շրջանակներում ապրիլ-հոկտմբեր ամիսներին ծխախոտի օգտագործման դեմ պայքարի շրջանակներում կիրականացվեն հանրության իրազեկմանն ուղղված տարաբնույթ միջոցառումներ, տեղեկատվական դասընթացներ: Ծրագրի առաջին փուլում Մեղրի, Ագարակ, Սիսիան և Կապան քաղաքների երիտասարդների շրջանում իրականացվել է հարցում. լրացվել 500 հարցաթերթիկ: Կապանի բարձրագույն և միջին մասնագիտական հաստատությունների 150-ից ավելի երիտասարդների շրջանում անցկացվել են «Լինենք իրազեկ» թեմայով դասընթացներ, որոնց ընթացքում երիտասարդներին տրվել են իրավական և առողջապահական գիտելիքներ ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ: Այժմ նախապատրաստվում են տեղեկատվական թռուցիկներ, բաներ, որը փակցվելու է Կապանում, կկազմակերպվեն բանավեճ-քննարկումներ, կստեղծվեն սոցիալական գովազդներ, տեսաֆիլմեր, որոնք պարբերաբար կցուցադրվեն տեղական՝ քաղաքային և մարզային՝ հեռուստաալիքներով:
Ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ տեղեկատվական դասընթացներում որպես թիրախ խումբ ընտրվել են 15-24 տարեկան երիտասարդները:
Ծրագրի համակարգող Լուսինե Սարուխանյանն այս առիթով նշեց. «Սա ամենաակտիվ տարիքն է, և տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ այդ տարիքում են երիտասարդներն առաջին անգամ փորձում օգտագործել ծխախոտ` առանց գիտակցելու դրա հետևանքները: Այդ տարիքի երիտասարդները ծխելը հաճախ կապում են ինքնարտահայտման հետ: Ուստի երիտասարդների այդ խումբն է ընտրվել, որպեսզի նրանց տեղեկություններ տրվեն այն մասին, որ ծխելը ինքնարտահայտման հետ կապ չունի»:
Լուսինե Սարուխանյանը վստահեցրեց, որ ծրագրի իրականացմամբ նաև կարծրատիպեր են կոտրելու ու շեշտեց. «Մեր նպատակն է բարձրացնել երիտասարդների իրազեկվածության աստիճանը ծխախոտի և երկրորդային ծխի վնասների, վերարտադրողական առողջության վերաբերյալ: Ակնկալում ենք, որ երիտասարդները ծրագրի ավարտին կունենան համապատասխան իրավական և առողջապահական գիտելիքներ ու չեն առաջնորդվի այն կարծրատիպով, թե ծխելը կապ ունի ինքնադրսևորման, ինքնարտահայտման ու ինքնահաստատման հետ»:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև Կապանում հիմնել Երիտասարդների զարգացման կենտրոն, որտեղ «Առողջ կենսակերպը՝ առողջ երիտասարդության գրավական» ծրագրի մասնակիցները մարզի մյուս երիտասարդներին կփոխանցեն ձեռք բերած գիտելիքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
3062 դիտում
17:59 03-02-2017
Ֆոտոլրագրող Սերդար Քորուջուն փորձում է կոտրել թուրքերի կարծրատիպերը Հայաստանի, Արցախի ու հայերի մասին
Այս բաժնից
568 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1162 դիտում
23:06 25-12-2024
Նորոգվել է Երևան - Արմավիր - ՀՀ սահման ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը