15622 դիտում
22:26 22-05-2014
Ողբերգական ավտովթար՝ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին. պայմանագրային զինծառայողը տեղում մահացել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ մայիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 26 ՕՍ 233 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել գետում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց:
Այս պահին վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ, տեղում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի Վանաձորի հրշեջ փրկարարական ջոկատը և ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը Գուգարքի ոստիկանապետ Արթուր Շահվերդյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Լոռու մարզի քննչական բաժնի քննիչները, փորձագետը:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունը պարզում է մահացածի և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված ավտոմեքենան հաշվառված է Վանաձոր քաղաքի բնակիչ 29-ամյա Արտյոմ Շերմազանյանի անվամբ:
***
23:20
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, ոստիկանությունը պարզել է, որ ավտոմեքենան վարել է Ա. Շերմազանյանը, իսկ մահացածը Վանաձորի բնակիչ 26-ամյա Տիգրան Քոչարյանն էր, ով ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, ծառայում էր ՀՀ ՊՆ Պուշկինոյի զորամասում՝որպես պայմանագրային զինծառայող, մյուս վիրավորն էլ Վանաձորի բնակիչ 24-ամյա Արմեն Օդաբաշյանն է: Վիրավոր Ա. Շերմազանյանը ծայրահեղ ծանր վիճակով այս պահին տեղափոխվում է Երևան:
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+