2445 դիտում
13:37 22-05-2014
Հակակարկտային կայաններն աշխատում են բարձր արդյունավետությամբ. Արմեն Կարապետյան
Հայաստանում կա հակակարկտային 442 կայան, 4 մարզային կենտրոն և 2 ռադիոլոկացիոն կայան: ՀՀ ԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Կարապետյանը մայիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ կայաններն աշխատում են բարձր արդյունավետությամբ:
Մարզային կենտրոնները Լոռու, Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերում են, իսկ ռադիոլոկացիոն կայանները՝ Արագածոտնի և Լոռու մարզային կենտրոններում: Հակակարկտային կայաններից 72-ը Լեռնային Ղարաբաղում են, 165-ը՝ Արմավիրի, 60-ը՝ Արագածոտնի, 60-ը՝ Արարատի, 45-ը՝ Շիրակի, 3-ը՝ Տավուշի, 8-ը՝ Կոտայքի, իսկ 6-ը՝ Վայոց ձորի մարզերում: Նախորդ տարվանից որոշում կայացվեց ստեղծել 80 նոր հակակարկտային կայան, ինչպես նաև միասնական կառավարման համակարգ:
«Մինչ այդ գոյություն ուներ 136 հակակարկտային կայան, որոնք տարբեր սեփականության իրավունքով էին ու գործում էին ինքնակամ, ոչ արդյունավետ, կրակել-չկրակելու որոշումը կայացնում էին գյուղապետերը, սեփականատերերը:
Միասնական կառավարման համակարգ ստեղծելով՝ որոշվեց դրանք կառավարել կենտրոնից: Սկսած ապրիլի 23-ից՝ 136 հակակարկտային կայան անցել է միասնական հերթապահության, միասնական կառավարման: Արարատի մարզից հնարավոր է ղեկավարել Լոռու, Շիրակից՝ Արմավիրի մարզի կայանները, փոխադարձ օգնելու պրոցեսները բազմազան են»,- ասաց Ա. Կարապետյանը՝ նշելով, որ լոկատորի մոտ սահմանված է շուրջօրյա հերթապահություն. եթե հակակարկտային կայանը ֆիքսում է կարկտաբեր ամպեր, տարբերում է դրանք անգամ ամպամածության մեջ, հաղորդում է Ճգնաժամային կառավարման կենտրոն, որն էլ սկսում է ղեկավարել այդ պրոցեսը:
Կարկտի հավանականությունը որոշվում է 100 տոկոս ճշգրտությամբ: Ա. Կարապետյանի խոսքով՝ եթե կայանները գործում են, ուրեմն կարկտի վտանգ կա, կայանները սովորական ամպամածության, սև ամպերի վրա գործելու հրահանգ չեն ստանում, եթե պրոցեսները կարկտաբեր չեն: ԱԻՆ ներկայացուցիչը նշեց, որ ապրիլ-մայիսին կայանները 77 անգամ ներգործություն են իրականացրել կարկտաբեր ամպերի վրա, և պաշտպանվող տարածքներում կարկուտ չի տեղացել:
«Հայաստանի Հանրապետությունը կարկտավտանգ երկիր է համարվում, տարածքի 90 տոկոսը կարկտաբեր է: Մեր կողմից հիմնականում պաշտպանվում է Արարատյան դաշտավայրի մեծ մասը, սակայն ունենք նաև համեմատաբար թույլ տեղեր՝ Լոռի, Արագածոտն»,- ասաց նա:
Կայանները, որ տեղադրված են Հայաստանում, ընդունված են Արգենտինայում, Բրազիլիայում և մի շարք այլ երկրներում: Ըստ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ բոլոր տիպի հակակարկտային միջոցներն ուսումնասիրվել են, բայց Հայաստանի տարածքում սրանք ավելի արդյունավետ են:
Նմանատիպ նյութեր
1441 դիտում
10:21 12-07-2016
Հակակարկտային կայաններն անզոր են պաշտպանել հուժկու կարկուտներից. «Ժողովուրդ»
1389 դիտում
16:11 28-10-2014
Բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին այսուհետ հավելավճար կտրվի
19109 դիտում
19:30 31-10-2017
Նոր հրթիռային կայաններն արդեն Հայաստանում են և շուտով կսկսեն գործել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
697 դիտում
22:38 27-11-2024
Անդամ երկրների ղեկավարներն են որոշել ԵԱՏՄ հերթական նիստն անցկացնել Սանկտ Պետերբուրգում. ԱԳՆ խոսնակ
1060 դիտում
22:02 27-11-2024
«Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանքի նկատմամբ
769 դիտում
21:21 27-11-2024
Երևանի քաղաքապետն այցելել է Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն