211652_close_icon
views-count3220 դիտում article-date 12:48 21-05-2014

Մարզահամալիրի աճուրդն անօրինական է. «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ

Հայտարարության մեջ ասվում է. «Մարզահամերգային համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդը անօրինական է և իրականացվում է ՀՀ մի շարք օրենքների խախտումներով: Մարզահամերգային համալիրի, որպես պատմամշակութային հուշարձանի, փաստացի շուկայական արժեքի գնահատում չի կատարվել. ԴԱՀԿ-ը հրաժարվում է տրամադրել գնահատման վերաբերյալ հաշվետվություն: «Բեստ Ռեալթի» ՍՊԸ-ի երկու բաժնետերերը, որոնք գրանցված են օֆշոր Պանամա համաշխարհային կենտրոն 0832, ԴԱՀԿ ծառայություն են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող գնահատում` 25,8 միլիարդ ՀՀ դրամ: Պատմամշակութային հուշարձանի գնահատման համար չափորոշիչներ գոյություն չունեն: Համեմատական մեթոդի կիրառման պարագայում անհայտ է, թե որ գույքի հետ է համեմատվել Մարզահամերգային համալիրի շենքը: ՀՀ մշակույթի նախարարությունը պատասխանում է, որ պատմամշակութային հուշարձանի շուկայական արժեքը գնահատելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան մասնագիտական հանձնաժողով: Մարզահամերգային համալիրի շենքը, որպես պատմամշակութային հուշարձան, երբևէ չի եղել Պաշտպանության նախարարության հաշվեկշռում և չի կարող լինել այն պարզ պատճառով, քանի որ ՊՆ կանոնադրությունով նման գործառույթն անթույլատրելի է: Ամեն դեպքում աճուրդին մասնակցող և հաղթող կազմակերպությունը պետք է փաստացի կատարի վճարումները, որոնք պետք է փոխանցվեն նախկինում տրամադրված բյուջետային վարկի մարմանը: 2014թ.-ի մայիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում ԴԱՀԿ-ի աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքի չարաշահումների վերաբերյալ: Քանի որ որոշումը դատարանի կողմից դեռևս ուժի մեջ չի մտել և գտնվում է վերաքննիչ դատարանի քննության փուլում, ԴԱՀԿ-ը հիմք է ընդունել առաջին ատյանի դատարանի որոշումը. անօրինական կատարողական վարույթը վերսկսվել է և գույքը ներկայացվել է էլեկտրոնային աճուրդին: «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի և լրատվության բաժին»:

Նմանատիպ նյութեր