211652_close_icon
views-count1022 դիտում article-date 18:42 20-05-2014

Մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թուրքմենստան

Մայիսի 13-17-ը Թուրքմենստան էր մեկնել հայկական պատվիրակությունը՝ մասնակցելու թուրքմեն մեծ բանաստեղծ Մահթումկուլի Ֆրագիի 290-ամյակին նվիրված միջոցառումներին: ՀՀ կառավարական պատվիրակությունը ղեկավարում էր Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հայաստանը ներկայացնում էին նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը, Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, նույն ամբիոնի դոցենտ Քնարիկ Միրզոյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, բանաստեղծ, Մահթումկուլիի ստեղծագործությունների թարգմանիչ Վարուժան Խաստուրը և ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը: Հոբելյանական հանդիսությունները նշանավորվեցին «Մահթումկուլի Ֆրագին և համամարդկային մշակութային արժեքները» խորագրով գիտաժողովի անցկացմամբ: Գիտաժողովը բացեց և հիմնական զեկուցումով հանդես եկավ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Մայիսի 14-ին՝ գիտաժողովի բացման արարողության ժամանակ, Թուրքմենստանի նախագահը «Մահթումկուլի Ֆրագի» մեդալ հանձնեց ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանին, UNESCO-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային, Աստրախանի նահանգապետ Ալեքսանդր Ժիլկինին, Սինցզյանի համալսարանի ռեկտոր Թասիֆուլատի-Թայիբուին (ՉԺՀ), «Թյուրքսոյ» միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Դուսանբայ Կասեինովին: Թուրքմենստանի նախագահի հրամանագրով նույն մեդալով պարգևատրվեցին նաև գիտության և արվեստի՝ թուրքմեն և արտասահմանյան մի խումբ գործիչներ, այդ թվում՝ Թուրքմենստանի ԳԱ հին ձեռագրերի ինստիտուտի տնօրեն Անակուրբան Աշիրովը, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը և ուրիշներ: Միջազգային գիտաժողովում Արամ Սիմոնյանն ու Ալեքսանդր Սաֆարյանը հանդես եկան համատեղ գիտական զեկուցմամբ՝ նվիրված Մահթումկուլի Ֆրագիի ստեղծագործությունների հայերեն հրատարակություններին: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ղեկավարում էր նաև գիտաժողովի «Մահթումկուլի Ֆրագին և իր դարաշրջանը» բաժանմունքը, որտեղ ելույթ ունեցան գիտնականներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Թուրքիայից, Թուրքմենստանից և այլ երկրներից: «Մեր պատվիրակությունը հանդիպեց Մահթումկուլիի անվան պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Այդ համալսարանի հետ արդեն համագործակցում ենք, մեր ասպիրանտ Ամալյա Պետրոսյանն արդեն այնտեղ է և իրեն շատ լավ է դրսևորում, աշնանն էլ մեզ մոտ կլինի թուրքմեն ասպիրանտը, ով կմասնագիտանա հայագիտության ոլորտում: Այս անգամ պայմանավորվածություն ձեռք բերեցինք նաև համատեղ գիտական աշխատանքներ կատարելու վերաբերյալ: Կարծում եմ՝ այս համագործակցությունը պետք է շարունակել, որովհետև մենք այնտեղից կարող ենք նաև ուսանողներ բերել. նրանք հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես հնագիտության, արևելագիտության, ֆիզիկայի, մաթեմատիկայի նկատմամբ»,- այցի արդյունքներն այսպես ամփոփեց ռեկտոր Արամ Սիմոնյանը: Հիշեցնենք, որ Մահթումկուլիի 290-ամյակին նվիրված գիտաժողով կազմակերպվել է նաև ԵՊՀ-ում, որի ընթացքում կայացել է նաև նրա բանաստեղծությունների հայերեն հատընտիրի 3-րդ հրատարակության շնորհանդեսը: Թուրքմեն գրականության դասականի հայերեն նոր գրքի լույսընծայումը լայն արձագանք է գտել թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքմենստանում: Գիրքը պետական այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նվիրել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին: Հատկանշական է, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գիտաժողովի բացման արարողության ժամանակ հատուկ անդրադարձավ Մահթումկուլիի ստեղծագործությունների՝ տարբեր լեզուներով (այդ թվում՝ հայերեն) վերջին հրատարակություններին՝ դրվատանքի խոսք ասելով տարբեր երկրներում կազմակերպված հոբելյանական միջոցառումների (այդ թվում՝ ԵՊՀ-ում կազմակերպված շնորհանդեսի և միջազգային գիտաժողովի) մասին: Գիտաժողովից բացի՝ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են նաև մշակութային մի շարք այլ միջոցառումների, ունեցել են հանդիպումներ գիտակրթական հաստատություններում, բազմաթիվ ելույթներ ունեցել թուրքմենական հեռուստատեսությամբ, հարցազրույցներ տվել թերթերին: Հայաստանյան պատվիրակությունը թուրքմեն բարեկամներին է նվիրել Մահթումկուլի Ֆրագիի հայերեն հատընտիրի օրինակներ և Շմավոն Շմավոնյանի «Երկնային նժույգի թռիչքը» կտավը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր