1483 դիտում
11:04 19-05-2014
Հրամանատարի տեղակալը զինվորներին խոստացավ հրաժարվել ծխելուց
Դիլիջանում տեղակայված զորամասում մայիսի 18-ին «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ն «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում անցկացնում էր հերթական սեմինարը՝ անդրադառնալով ծխելու առողջական վնասներին, հոգեբանական ու հոգևոր ասպեկտներին։
«Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ նախագահ Սարգիս Կարապետյանը նշում է, որ ծրագրի շրջանակներում իրականացվել են սոցիոլոգիական հարցումներ շուրջ 500 զինծառայողի շրջանում։ Համամասնորեն ընտրվել են դիրքապահ և թիկունքային զորամասեր՝ նպատակ ունենալով ի թիվս այլ հարցերի նաև պարզել, թե ծառայության բնույթն արդյոք ազդում է ծխելու քանակության վրա։ «Հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ զինծառայության ընթացքում սկսել է ծխել ծխախոտ օգտագործողների 13 տոկոսը։ Նախքան ծառայությունը ծխել է կամ ծխելու առաջին փորձ ունեցել է հարցվածների 68 տոկոսը։ Հետաքրքիր է, որ անձը որքան ավելի վաղ տարիքում է սկսել օգտագործել ծխախոտ, այնքան առավել մեծ է նրա կողմից օրական օգտագործվող ծխախոտի քանակությունը ներկայում»,- ասում է ՀԿ ղեկավարը՝ ավելացնելով, որ ծխելու սովորությունը տարածված է դպրոցական տարիքի պատանիների շրջանում, և ծառայության եկող երիտասարդներն արդեն իսկ ունեն ծխելու փորձ։ Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ ծառայության բնույթն էական ազդեցություն չունի ծխելու քանակության վրա։
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը բարձր է գնահատում զինվորների շրջանում տարվող հակածխախոտային ծրագրերը։ Նա նաև տեղեկացնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված է հակածխախոտային պայքարի կազմակերպման հանձնաժողով, որի նպատակն է ստեղծել համաբանակային ծրագիր, որով կկարողանան նպաստել բանակը վերածելու չծխող բանակի։
Դիլիջանի զորամասի հոգևոր սպասավոր Հովհաննես սարկավագ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ զինվորների հետ զրույցներում պարբերաբար բարձրացվում է ծխելու թեման, անդրադառնում են դրա հոգևոր, առողջական վնասակար կողմերին։
Ժամկետային զինծառայող Գրիգոր Թովմասյանը Երևանից է, 1,5 տարի ծառայում է ՀՀ զինված ուժերում։ Չի ծխում։ Ինչպես ինքն է ասում, ոչ թե խորհուրդ է տալիս ընկերներին չծխել, այլ փորձում է սեփական օրինակով նրանց մեջ առողջ ապրելակերպ սերմանել։ Չի ծխում նաև սպա, վաշտի հրամանատար Վարդան Մարությանը։ Ասում է, որ փորձում է իր զինվորներին կոնֆետով սիրաշահել՝ ծխախոտը փոխարինելով քաղցրավենիքով։
Հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Հովհաննես Հակոբյանն էլ սեմինարի ավարտին խոստացավ հրաժարվել ծխելուց՝ նույնը խորհուրդ տալով նաև զինվորներին ու սպաներին։
Այս ընթացքում «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ն զորամասերում անցկացնում է սեմինարներ, որոնց ընթացքում զինվորներին ծխելու վնասակար կողմերն են ներկայացնում բժիշկը, հոգեբանն ու հոգևորականը։ Նրանք զորամասերին տրամադրում են ցուցանակներ, որոնք կտեղադրվեն զորամասերի շենք-շինություններում։ Զինվորներին բաժանվում են նաև տեղեկատվական բուկլետներ:
Մայիսի 31-ին` Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրը, ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարության ղեկավարության և շահագրգիռ կառույցների մասնակցությամբ տեղի կունենա ծրագրի արդյունքների ամփոփիչ նիստը: Հաշվետու զեկույցներով հանդես կգան ծրագրում ներգրավված մասնագետները:
Նշենք, որ «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագիրը «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
8994 դիտում
16:59 01-03-2016
7 զինծառայող հրաժարվել է կատարել պետի` զորամասի հրամանատարի և գումարտակի հրամանատարի հրամանը
1396 դիտում
13:49 18-11-2014
Ծխախոտ-ստենդները հիշեցնում են ծխելուց առաջացող հիվանդությունների մասին
Այս բաժնից
658 դիտում
13:56 27-11-2024
Ի՞նչ անենք, գնդակահարե՞նք, որ վախենան էներգետիկ գնել կամ վաճառել. Բաբկեն Թունյան