211652_close_icon
views-count1514 դիտում article-date 14:42 16-05-2014

Գեղարուտ գետի գույնի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չէ. ՀՀ ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները` «ՍՊԱրմԾ» ՊՈԱԿ-ի երկրաբանության բաժնի վարիչ Ռաֆայել Հարությունյանի և կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի գլխավոր մասնագետ Վալերի Խոնդկարյանի մայիսի 8-9-ը գործուղվել էին Արագածոտնի մարզի Արագած գյուղ` պարզելու Գեղարուտ գետի քիմիական կազմի փոփոխության պատճառները։ Արագած գյուղում սեյսմիկ պաշտպանության համակարգի մասնագետները նախ հանդիպել են համայնքի ղեկավարի տեղակալ Ս.Բեյբությանի հետ, ծանոթացել իրավիճակին և ուղևորվել Գեղարուտ գետի և փոքր ՀԷԿ-երի պատվարների տարածքներ: Այցի նպատակն էր՝ պարզել, թե ինչով են պայմանավորված, ըստ ԶԼՄ-ների ահազանգի, Գեղարուտ գետի քիմիական կազմի փոփոխության պատճառները՝ երկրաբանական պայմանների փոփոխության, թե գետի վրա երկու ՀԷԿ-երի կառուցումով: Հայտնի է, որ երկրաշարժերի նախանշանների թվին են դասվում ստորգետնյա ջրերում (աղբյուրներում) ռադոնի, հելիումի և այլ քիմիական տարրերի պարունակության փոփոխությունները: Գեղարուտ գետի տարածքը գեոմորֆոլոգիական տեսակետից գտնվում է Արագածի հրաբխային լեռնային լանջերին: Երկրաբանական առումով տարածքը ներկայացված է բազալտներով, անդեզիտաբազալտներով, տեղ-տեղ՝ հրաբխային ավազներով: Ուսումնասիրվող տարածքի մոտ հայտնի են մի շարք խզվածքներ, որոնցից հարկ է նշել Արագած - Արայի լեռ բեկվածքը, որը Արագած լեռը բաժանում է երկու բեկորների: Համաձայն ՀՀ Սեյսմակայուն շինարարության նախագծային նորմերի (ՀՀՇՆ 6.02.2006) և սեյսմիկ գոտևորման քարտեզի, Արագած համայնքը գտնվում է 2-րդ գոտում, ունի 0.3g արագացում, ինչը համապատասխանում է 8-9 բալ ուժգնության: Ուսումնասիրման վայրը գտնվում է Արագած լեռան թեք լանջին:Գետն ունի անընդհատ հոսք՝ խորը և նեղ հունով: Գետի սնուցումը խառն է՝ աղբյուրներ, ձյուն և անձրև: Պետք է նշել, որ Գեղարուտ գետում և գետը սնող աղբյուրներում չի իրականացվում մշտադիտարկում: Տեղի բնակիչների պնդմամբ, Արագած լեռան խառնարանում, աղբյուրներում (ջրվեժի տարածք) միշտ կային երկաթ («ժանգ») պարունակող դարչնագույն ջրեր, սակայն մինչ ՀԷԿ-երի կառուցումը գետն իր ճանապարհին մաքրվում էր: Մասնագետների կողմից կատարվեց ջրի նմուշառում` քիմիական լաբորատոր հետազոտություններ կատարելու համար: Մասնգետների եզրակացությամբ, հարցն իրենից ներկայացնում է բնապահպանական խնդիր, որը ոչ մի առնչություն չունի սեյսմիկ վտանգի փոփոխության հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր