1093 դիտում
10:35 16-05-2014
ԵՊՀ-ում քննարկվել են ԲՈՒՀ-աշխատաշուկա կապի հիմնական խնդիրները
ԵՊՀ մեծ դահլիճում երեկ մեկնարկեց Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի (EURASHE) 24-րդ տարեկան համաժողովը, որը կրում է «Աշխատանքային շուկայի որակավորումները» խորագիրը:
Հայաստանում համաժողովի կազմակերպման և անցկացման աշխատանքները կազմակերպել և համակարգել են ՀՀ ԿԳ նախարարությունը, Երևանի պետական համալսարանը, Ռեկտորների խորհուրդը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանն ու Բոլոնյան ամփոփման խմբի (Bologna Follow-Up Group) քարտուղարությունը:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը և Ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, հայաստանյան բուհերի ներկայացուցիչներ և ուրիշներ:
Համաժողովին մասնակցում էին ԱՄՆ-ից, Բելգիայից, Կիպրոսից, Նիդեռլանդներից, Չեխիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Հունաստանից, Լիտվայից, Լատվիայից, Սլովենիայից ժամանած գիտնականներն ու հետազոտողները:
Համաժողովը նախագահում էր Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ստեֆան Դելփլեսը, ով ողջունեց մասնակիցներին և համաժողովի մեկնարկի համար բացման խոսքը տվեց «EURASHE»-ի նախագահ, Կիպրոսի եվրոպական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Անդրեաս Օրֆանիդեսին:
«Չնայած Հայաստանը Եվրամիության անդամ չէ, սակայն այն բավականին ակտիվ երկիր է և Բոլոնյան գործընթացում մեծ դեր ու նշանակություն ունի: Ուրախ և հպարտ ենք, որ այս տարվա մեր համաժողովը հենց Հայաստանում ենք անցկացնում, քանի որ «EURASHE»-ն Ռեկտորների խորհրդի օգնությամբ արդեն հիմնավորված է այստեղ»,- ասաց Կիպրոսի եվրոպական համալսարանի ռեկտորը և հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին աջակցության և ներկա գտնվելու համար:
Այնուհետև Անդրեաս Օրֆանիդեսը բարձրագույն կրթության ոլորտում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև համաժողովի կազմակերպման և անցկացման գործում աջակցություն ցուցաբերելու համար Հովիկ Աբրահամյանին հանձնեց Կիպրոսի եվրոպական համալսարանի պատվո հուշամեդալը:
«Կարևորում եմ բարձրագույն կրթության եվրոպական տարածքում կրթական հարցերին նվիրված միջոցառման անցկացումը Հայաստանում, հատկապես, որ մենք միայն վերջերս ենք անդամակցել բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցացիային: Այս միջոցառումը լավ հնարավորություն է բարձրագույն կրթական ոլորտում սերտացնելու մեր համագործակցությունը եվրոպական երկրների հետ՝ ի նպաստ կրթահետազոտական փոխանակման ծրագրերի և բուհական կրթության որակի ամրապնդմանը: ՀՀ Կառավարության ռազմավարական ծրագրերում առանցքային տեղ է հատկացվում գիտելիքահեն հասարակության կայացմանը: Դա մեծապես կարևորվում է երկրի բնական և ֆինանսական սահմանափակ ռեսուրսների պայմաններում: Գիտելիքների հիման վրա կառուցված տնտեսության վառ ապացույցը կարելի է գտնել տեղեկատվական տեխնոլոգիաների և նորագույն ինժեներիայի բնագավառներում, որոնք այսօր հանդիսանում են մեր երկրի տնտեսության՝ օտարերկյա լայնածավալ ներդրումներ ներգրավող, ամենաարագ զարգացող ճյուղերը»,- ասաց ՀՀ վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը նշեց նաև, որ համաժողովի խորագիրը ենթադրում է, որ քննարկումների ընթացքում վեր կհանվեն բուհ-աշխատաշուկա և ուսանող-գործատու բևեռների համագործակցության ոլորտում առկա խնդիրները և կմշակվեն կողմերի մերձեցմանն ուղղված ծրագրեր:
Ռեկտորների խորհրդի կողմից հանդես եկավ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, ով նույնպես կարևորեց նմանաբնույթ միջոցառումների անցկացումը, ներկայացրեց «EURASHE»-ի հետ համագործակցության վերաբերյալ որոշ մանրամասներ, ինչպես նաև խոսեց Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների իրականացման գործընթացում առկա խնդիրների մասին: Բացման խոսքով հանդես եկավ նաև Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը:
Համաժողովի առաջին զեկույցը Նիդեռլանդների Մասթրիխտ համալսարանի կրթության և աշխատաշուկայի հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող Ջիմ Ալլենին էր, ով իր հետազոտության արդյունքների հիման վրա ներկայացրեց 21-րդ դարում բարձրագույն կրթական աստիճանները, դրանց զարգացման միտումներն ու մարտահրավերները: Այնուհետև համաժողովի աշխատանքները շարունակվեցին պլենար նիստերում, որտեղ քննարկվեցին ոլորտի այլ հիմնահարցեր: Գիտաժողովը կշարունակվի նաև վաղը:
Նմանատիպ նյութեր
8735 դիտում
16:06 31-05-2021
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «Բուհ-աշխատաշուկա՝ կայուն ապագա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1159 դիտում
20:21 16-12-2022
«Պետք է ստեղծվեն բուհ-աշխատաշուկա-գործատու կապը միավորող արդյունավետ հարթակներ». Կարեն Թռչունյան
6276 դիտում
16:19 12-10-2017
Անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի աշխատաշուկա մտնելու հնարավորությունները կընդլայնվեն
Այս բաժնից
835 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան
1072 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն