ԱԺ պատվիրակությունը չի մասնակցել ՍԾՏՀ վեհաժողովին. ինչո՞ւ. տեսանյութ
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին Հայաստանը չմասնակցեց Ազգային ժողովի նախագահի որոշմամբ: Այդ վեհաժողովում այս անգամ ղեկավար կազմ էին ընտրում: Ինչո՞վ էր պայմանավորված մեր պատվիրակության չմասնակցելու որոշումը:
Գալուստ Սահակյանը պնդեց, որ պատգամավորների բացակայությունն անդրադառնում է խորհրդարանի բնականոն աշխատանքի վրա: ԱԺ նիստերն ավելի կարեւոր են, ինչի համար էլ իրենք որոշել են չմասնակցել վեհաժողովին:
Միքայել Մելքումյանի կարծիքով` Հայաստանի պատվիրակությունը պետք է եւ պարտավոր էր մասնակցել վեհաժողովի աշխատանքներին, մանավանդ որ խորհրդարանը պետք է հոգար ընդամենը օդանավի տոմսերի մասին: Ըստ նրա` սա կարեւոր վեհաժողով էր:
Աղվան Վարդանյանը համոզված է, որ վեհաժողովին չմասնակցելու որոշումը Ազգային ժողովի նախագահը կայացրել է ավելի շատ կուսակցական մարտավարությունից ելնելով: Այսինքն, պատգամավորներին ուղարկելով վեհաժողովին, Ազգային ժողովում օրենսդրական քվեարկությունները կարող էին տապալվել եւ հենց այդ պատճառով էլ ամեն ինչ չեղարկվեց:
Հերմինե Նաղդալյանի բնորոշմամբ` մեծ աղմուկ է բարձրացել ոչնչից` փոթորիկ մեկ բաժակ ջրում: Իրականում Գալուստ Սահակյանը պատվիրակությանը չի գործուղել, որ պատգամավորները մնան ու արդյունավետ քննարկում ծավալվի արտահերթ նիստի ընթացքում:
Կկասեցվի՞ Ազգային ժողովի պատվիրակությունների գործուղումները հետագայում: Հստակ պատասխան չկա, բայց Գալուստ Սահակյանն արդեն ուրվագծել է նոր գործելաոճը, հայտարարելով, որ պատգամավորները միայն բացառիկ դեպքերում կարող են գնալ գործուղումների լիագումար նիստերի օրերին:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27809]armnewstv.am [/url]